Հոդված 168
Հոդված 168
Քարտուղարության միջազգային բնույթը
1. Իր պարտավորությունները կատարելիս Գլխավոր քարտուղարը և Մարմնի անձնակազմը չպետք է որևէ կառավարությունից կամ Մարմնին օտար ցանկացած այլ աղբյուրից պահանջեն կամ ստանան ցուցումներ: Նրանք պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է ազդել իրենց՝ որպես միայն Մարմնի առջև պատասխանատու միջազգային պաշտոնատար անձանց դիրքի վրա: Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է հարգել Գլխավոր քարտուղարի և անձնակազմի պարտականությունների բացառապես միջազգային բնույթը և չփորձել ազդել նրանց վրա իրենց պարտականությունների կատարման ժամանակ: Որևէ աշխատակցի կողմից իր պարտականությունների ցանկացած խախտում պետք է հանձնվի համապատասխան վարչական տրիբունալի քննությանը, ինչպես դա նախատեսված է Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում:
2. Գլխավոր քարտուղարը և անձնակազմը չպետք է ֆինանսական շահագրգռվածություն ունենան Շրջանում հետախուզման կամ շահագործման հետ կապված որևէ գործունեության մեջ: Հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը մարմնի առջև՝ նրանք նույնիսկ իրենց գործառույթների իրականացման ավարտից հետո չպետք է հրապարակեն արդյունաբերական գաղտնիքներ, սեփականության բնույթ ունեցող տվյալներ, որոնք Մարմին են փոխանցվում 3-րդ Հավելվածի 14-րդ հոդվածին համապատասխան, կամ ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն, որը նրանց հայտնի է դարձել Մարմնում աշխատելու հետևանքով:
3. Մարմնի որևէ աշխատակցի կողմից 2-րդ կետում նախատեսված պարտականությունների խախտումները պետք է, Մարմնի կողմից այդ խախտման հետևանքով տուժած մասնակից պետության կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի խնդրանքով, որին երաշխավորել է մասնակից պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ «բ» կետում, և որը տուժել է այդ խախտման հետևանքով, հանձնվեն այդ աշխատակցի վերաբերյալ գործի քննության համար՝ Մարմնի նորմերին, կանոնների և ընթացակարգերին համապատասխան նշանակվող տրիբունալ: Տուժող կողմն իրավունք ունի մասնակցելու քննությանը: Գլխավոր քարտուղարը պետք է ազատի համապատասխան աշխատակցին, եթե դա է հանձնարարել տրիբունալը:
4. Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի կատարման համար: