Հոդված 7
Հոդված 7
Ուղիղ ելակետային գծեր
1. Այն տեղերում, որտեղ առափնյա գիծը խորը կտրտված և ոլորուն է, կամ որտեղ ափի երկարությամբ և նրա անմիջական հարևանությամբ գոյություն ունի կղզիների շղթա, ելակետային գիծն անցկացնելու համար, որից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, կարող է կիրառվել համապատասխան կետերը միացնող ուղիղ ելակետային գծերի մեթոդը:
2. Այնտեղ, ուր դելտայի առկայության կամ բնական այլ պայմանների հետևանքով առափնյա գիծը խիստ անկայուն է, համապատասխան կետերը կարող են ընտրվել առավելագույն տեղատվության՝ դեպի ծովի խորքը գնացող գծի երկարությամբ, և, չնայած առավելագույն տեղատվության գծի հետագա նահանջին, ուղիղ ելակետային գծերը պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոփոխվել ափամերձ պետության կողմից՝ սույն Կոնվենցիային համապատասխան:
3. Ուղիղ ելակետային գծերն անցկացնելիս չեն թույլատրվում քիչ թե շատ նկատելի շեղումներ ափի ընդհանուր ուղղությունից, իսկ ծովի՝ այդ գծերից ներս գտնվող հատվածները պետք է բավականաչափ սերտ կապված լինեն առափնյա տարածքի հետ, որ նրանց վրա տարածվի ներքին ջրերի ռեժիմը:
4. Ուղիղ ելակետային գծերը դեպի տեղատվության ժամանակ ցամաքող բարձունքները կամ այդ բարձունքներից անցկացվում են միայն այն դեպքում, երբ դրանց վրա կառուցված են փարոսներ կամ մշտապես ծովի մակերևույթից բարձր գտնվող նման կառույցներ, կամ եթե դեպի այդ բարձունքները կամ այդ բարձունքներից ուղիղ ելակետային գծերի անցկացումը ստացել է համընդհանուր միջազգային ճանաչում:
5. Այն դեպքում, երբ, համաձայն 1-ին կետի, պետք է կիրառվի ուղիղ ելակետային գծերի մեթոդը, առանձին ելակետային գծեր սահմանելիս կարող են հաշվի առնվել տվյալ շրջանի առանձնահատուկ տնտեսական շահերը, որոնց առկայությունը և կարևորությունը ակնհայտ կերպով ապացուցված են դրանց երկարատև գործածությամբ:
6. Որևէ պետության կողմից ուղիղ ելակետային գծերի համակարգը չի կարող կիրառվել այնպես, որ մեկ այլ պետության տարածքային ծովը կտրված լինի բաց ծովից կամ բացառիկ տնտեսական գոտուց: