Հոդված 66
Հոդված 66
Անադրոմ տեսակներ
1. Այն պետությունները, որոնց գետերում առաջանում են անադրոմ տեսակների պաշարներ, առաջին հերթին շահագրգռված են այդ պաշարների հարցում և պատասխանատվություն են կրում դրանց համար:
2. Անադրոմ տեսակների պաշարների ծագման պետությունը պետք է ապահովի դրանց պահպանումը` իր բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող բոլոր ջրերում և 3-րդ կետի «բ» ենթակետում նախատեսված՝ ձկնորսության կարգավորմանն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելով: Ծագման պետությունը 3-րդ և 4-րդ կետերում նշված այդ պաշարների որսով զբաղվող այլ պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է իր գետերում առաջացող պաշարների վերաբերյալ սահմանել թույլատրելի որսաքանակի ընդհանուր ծավալը:
3. ա) Անադրոմ տեսակների պաշարների որսով պետք է զբաղվել միայն բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերում` բացառությամբ այն դեպքերի, երբ այս դրույթը կարող է հանգեցնել խախտումների ոչ թե ծագման պետության, այլ որևէ այլ պետության տնտեսության բնագավառում: Բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դուրս արվող ձկնորսության վերաբերյալ շահագրգիռ պետությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն այդպիսի ձկնորսության կարգի ու պայմանների շուրջ համաձայնության գալու նպատակով՝ պատշաճ կերպով հաշվի առնելով այդ տեսակների պահպանմանը և դրանց նկատմամբ ծագման պետությունների պահանջմունքներին վերաբերող պահանջները:
բ) Ծագման պետությունը պետք է համագործակցի այդ պաշարների որսով զբաղվող այդպիսի պետությունների տնտեսության բնագավառում խախտումները նվազագույնի հասցնելու հարցում՝ հաշվի առնելով այդպիսի պետությունների սովորական որսաքանակը և ձկնորսության մեթոդը ու այն բոլոր շրջանները, որտեղ արվում է այդ որսը:
գ) «բ» ենթակետում նշված պետությունները, որոնք ծագման պետության հետ կնքված համաձայնագրի հիման վրա մասնակցում են անադրոմ տեսակների պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումներին հատկապես այդ նպատակների համար կատարվող ծախսերին մասնակցելու միջոցով, ծագման պետության գետերում առաջացող պաշարների որսի վերաբերյալ օգտվում են այդ պետության հատուկ ուշադրությունից:
դ) Անադրոմ տեսակների պաշարներին վերաբերող կանոնների կատարման ապահովումը բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս պետք է իրականացվի ծագման պետության և այլ շահագրգիռ պետությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա:
4. Այն դեպքում, երբ անադրոմ տեսակների պաշարները միգրացիա են կատարում դեպի ոչ թե ծագման պետության, այլ որևէ այլ պետության բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերը կամ այդ ջրերով, այդ պետությունը պետք է համագործակցի ծագման պետության հետ այդ պաշարների պահպանման և դրանց կառավարման հարցում:
5. Անադրոմ տեսակների պաշարների ծագման պետությունը և այդ պաշարների որսով զբաղվող այլ պետությունները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն սույն հոդվածի դրույթների կատարման վերաբերյալ՝ համապատասխան դեպքերում` տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով: