Հոդված 228
Հոդված 228
Քննության հարուցման կասեցումը և սահմանափակումը
1. Նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների կամ միջազգային նորմերի ու չափանիշների ցանկացած խախտման համար, որը կատարվել է որևէ օտարերկրյա նավի կողմից՝ քննություն հարուցող պետության տարածքային ծովի սահմաններից դուրս, պատիժ նշանակելու նպատակով կատարվող քննությունը կասեցվում է, եթե դրոշի պետությունը համապատասխան մեղադրանքով պատիժ նշանակելու նպատակով քննությունը հարուցում է վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ առաջին անգամ է հարուցվել քննությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ քննությունը կապված է ափամերձ պետությանը պատճառված խոշոր վնասի հետ, կամ երբ տվյալ դրոշի պետությունը բազմիցս չի կատարել իր նավերի կողմից կատարված խախտումների նկատմամբ կիրառելի միջազգային նորմերի ու չափանիշների կատարման արդյունավետ ապահովման իր պարտավորությունը: Դրոշի պետությունը, որը դիմել է սույն հոդվածին համապատասխան քննությունը կասեցնելու համար, պետք է պատշաճ ժամանակում այն պետությանը, որն առաջինն է քննությունը հարուցել, տրամադրի գործի բոլոր փաստաթղթերը և քննության արձանագրությունները: Երբ դրոշի պետության կողմից հարուցված քննությունն ավարտվել է, կասեցված քննությունը դադարեցվում է: Այդ քննության հետ կապված ծախսերը հատուցելուց հետո ցանկացած գրավ կամ այլ ֆինանսական ապահովում, որը մուծվել է կասեցված քննության հետ կապված, պետք է վերադարձվի ափամերձ պետության կողմից:
2. Օտարերկրյա նավերի նկատմամբ պատիժ նշանակելու նպատակով քննությունը չի հարուցվում խախտումը կատարելու պահից 3 տարի հետո և չի հարուցվում որևէ պետության կողմից, եթե քննությունն արդեն հարուցվել է այլ պետության կողմից` պահպանելով 1-ին կետում նշված դրույթները:
3. Սույն հոդվածը չի խախտում դրոշի պետության իրավունքը՝ ձեռնարկել ցանկացած միջոց, ներառյալ իր օրենքներին համապատասխան պատիժ նշանակելու համար քննության հարուցումը, անկախ այլ պետության կողմից նախկինում հարուցված քննությունից: