Հոդված 159
Հոդված 159
Կազմը, ընթացակարգը և քվեարկությունը
1. Ասամբլեան կազմված է Մարմնի բոլոր անդամներից: Յուրաքանչյուր անդամ Ասամբլեայում ունի մեկ ներկայացուցիչ, որին կարող են ուղեկցել տեղակալները և խորհրդականները:
2. Ասամբլեան գումարում է հերթական տարեկան նստաշրջաններ և այնպիսի հատուկ նստաշրջաններ, որոնց գումարման մասին որոշումը կարող է ընդունվել Ասամբլեայի կողմից, կամ որոնք կարող են գումարվել Գլխավոր քարտուղարի կողմից՝ Խորհրդի կամ Մարմնի անդամների մեծամասնության պահանջով:
3. Նստաշրջաններն անցկացվում են Մարմնի գտնվելու վայրում, եթե Ասամբլեան այլ որոշում չի ընդունում:
4. Ասամբլեան ընդունում է իր կանոնակարգը: Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի սկզբում նա ընտրում է իր նախագահին և այլ անհրաժեշտ պաշտոնատար անձանց: Նրանք իրենց պաշտոնները զբաղեցնում են այնքան ժամանակ, մինչև հաջորդ հերթական նստաշրջանի ժամանակ ընտրվեն նոր նախագահ և այլ պաշտոնատար անձինք:
5. Ասամբլեայի անդամների մեծամասնությունը կազմում է քվորում:
6. Ասամբլեայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
7. Ընթացակարգային հարցերով որոշումները, ներառյալ Ասամբլեայի հատուկ նստաշրջաններ գումարելու որոշումները, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
8. Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի տվյալ նստաշրջանին մասնակցող անդամների մեծամասնությանը: Երբ հարց է առաջանում այս կամ այն հարցի ըստ էության հարց լինելու վերաբերյալ, այդպիսի հարցը համարվում է ըստ էության հարց, եթե Ասամբլեան ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումների համար պահանջվող ձայների մեծամասնությամբ այլ որոշում չի ընդունում:
9. Երբ ըստ էության հարցը առաջին անգամ է դրվում քվեարկության, նախագահը կարող է, իսկ եթե դա են պահանջում Ասամբլեայի անդամների ոչ պակաս, քան 1/5-ը, պետք է ոչ ավելի, քան 5 օրացուցային օր ժամկետով հետաձգի այդ հարցի կապակցությամբ քվեարկությունը: Այս կանոնը ցանկացած հարցի վերաբերյալ կարող է կիրառվել միայն մեկ անգամ, և այն չի կիրառվում այնպես, որ այդ հարցի քննարկումը հետաձգվի մինչև նստաշրջանի ավարտից հետո ընկած ժամանակահատվածը:
10. Այս կամ այն հարցի վերաբերյալ Ասամբլեայի կողմից քննարկվող առաջարկությունը սույն Կոնվենցիային համապատասխանելու խնդրի կապակցությամբ խորհրդատվական եզրակացության մասին նախագահին հասցեագրված և Մարմնի անդամների առնվազն 1/4-ի կողմից ներկայացված գրավոր պահանջը ստանալուց հետո Ասամբլեան դիմում է Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատին՝ դրա վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքով, և հետաձգում է այդ առաջարկության վերաբերյալ քվեարկությունը մինչև պալատի խորհրդատվական եզրակացությունը ստանալը: Եթե խորհրդատվական եզրակացությունը չի ստացվել, մինչև նստաշրջանի վերջին շաբաթը, որի ընթացքում այն հայցվել է, Ասամբլեան որոշում է ընդունում այն մասին, թե երբ է տեղի ունենալու հետաձգված առաջարկության կապակցությամբ քվեարկությունը: