Հոդված 163
Հոդված 163
Խորհրդի մարմինները
1. Սույնով հիմնադրվում են Խորհրդի հետևյալ մարմինները.
ա) Տնտեսական պլանային հանձնաժողով,
բ) Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողով:
2. Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 15 անդամներ, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից՝ մասնակից պետությունների կողմից ներկայացված թեկնածուների թվից: Սակայն անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է որոշում ընդունել ցանկացած Հանձնաժողովի կազմը ընդլայնելու մասին՝ պատշաճ կերպով հաշվի առնելով տնտեսման ու արդյունավետության պահանջները:
3. Հանձնաժողովների անդամները պետք է ունենան պատշաճ որակավորում այդ Հանձնաժողովների իրավասության ոլորտում: Մասնակից պետությունները պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուներ, որոնք ունեն պատշաճ կոմպետենտություն ու բարեխղճություն, ինչպես նաև որակավորում՝ համապատասխան բնագավառներում Հանձնաժողովների գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
4. Հանձնաժողովների անդամներ ընտրելիս անհրաժեշտ է պատշաճ կերպով հաշվի առնել արդարացի աշխարհագրական բաշխման և հատուկ շահերի ներկայացուցչության անհրաժեշտությունը:
5. Ոչ մի մասնակից պետություն չի կարող միևնույն Հանձնաժողովի համար ներկայացնել մեկ թեկնածուից ավելի: Ոչ մեկը չի կարող ընտրվել մեկից ավելի Հանձնաժողովում աշխատելու համար:
6. Հանձնաժողովների անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է: Նրանք կարող են վերընտրվել:
7. Ցանկացած Հանձնաժողովի անդամի մահվան, աշխատունակության կորստի կամ մինչև նրա լիազորությունների ավարտը հրաժարական տալու դեպքում Խորհուրդը լիազորությունների մնացած ժամկետի համար ընտրում է նույն աշխարհագրական շրջանը կամ նույն շահերի ոլորտը ներկայացնող Հանձնաժողովի անդամ:
8. Հանձնաժողովների անդամները չպետք է ֆինանսական շահագրգռվածություն ունենան Շրջանում հետախուզման և շահագործման որևէ գործունեության մեջ: Հաշվի առնելով նրանց պատասխանատվությունը այն Հանձնաժողովների առջև, որտեղ նրանք աշխատում են, նրանք նույնիսկ իրենց գործառույթների կատարման ավարտից հետո չպետք է հրապարակեն արդյունաբերական գաղտնիքներ, սեփականության բնույթ ունեցող տվյալներ, որոնք Մարմնին են փոխանցվում 3-րդ Հավելվածի 14-րդ հոդվածին համապատասխան, կամ ցանկացած այլ գաղտնի տեղեկատվություն, որը նրանց հայտնի է դարձել Մարմնում աշխատելու հետևանքով:
9. Յուրաքանչյուր Հանձնաժողով իր գործառույթներն իրականացնում է այն ղեկավար սկզբունքներին ու հրահանգներին համապատասխան, որոնք կարող է ընդունել Խորհուրդը:
10. Յուրաքանչյուր Հանձնաժողով ձևակերպում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում այնպիսի նորմեր և կանոններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հանձնաժողովի գործառույթների արդյունավետ իրականացման համար:
11. Հանձնաժողովների կողմից որոշումների ընդունման ընթացակարգերը սահմանվում են Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով: Անհրաժեշտության դեպքում Խորհրդին ուղղված հանձնարարականները ուղեկցվում են Հանձնաժողովում տարակարծությունների համառոտ շարադրմամբ:
12. Յուրաքանչյուր Հանձնաժողով, որպես կանոն, իր գործառույթներն իրականացնում է Մարմնի գտնվելու վայրում և նիստեր է գումարում այնպիսի հաճախականությամբ, որն անհրաժեշտ է իր գործառույթների արդյունավետ իրականացման համար:
13. Իր գործառույթներն իրականացնելիս յուրաքանչյուր Հանձնաժողով կարող է անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մյուս Հանձնաժողովի կամ Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հիմնարկների ցանկացած իրավասու մարմնի կամ ցանկացած միջազգային կազմակերպության հետ, որն իրավասու է խորհրդատվությունների առարկա հանդիսացող հարցում: