Հոդված 27
Հոդված 27
Քրեական իրավազորությունը օտարերկրյա նավի վրա
1. Ափամերձ պետության քրեական իրավազորությունը չպետք է իրականացվի տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա` որևէ անձի կալանավորելու կամ անցման ժամանակ նավի վրա կատարված ցանկացած հանցագործության կապակցությամբ քննություն կատարելու համար` բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) եթե հանցագործության հետևանքները տարածվում են ափամերձ պետության վրա,
բ) եթե կատարված հանցագործությունն իր բնույթով այնպիսին է, որ խախտում է անդորրը երկրում կամ տարածքային ծովում սահմանված կարգը,
գ) եթե նավապետը, դրոշի պետության դիվանագիտական գործակալը կամ հյուպատոսական պաշտոնատար անձը օգնություն ցույց տալու խնդրանքով դիմում են տեղական իշխանություններին, կամ
դ) եթե այդպիսի միջոցներն անհրաժեշտ են թմրամիջոցների կամ հոգեներգործող նյութերի ապօրինի առևտուրը կանխելու համար:
2. Վերը շարադրված դրույթները չեն ազդում ափամերձ պետության` ներքին ջրերից դուրս գալուց հետո տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա կալանավորման կամ քննության համար իր օրենքներով թույլատրված ցանկացած միջոց ձեռնարկելու իրավունքի վրա:
3. 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում ափամերձ պետությունը, նավապետի խնդրանքով, մինչև որևէ միջոց ձեռնարկելը պետք է տեղեկացնի դրոշի պետության դիվանագիտական գործակալին կամ հյուպատոսական պաշտոնատար անձին և նպաստի կապի հաստատմանը նշված գործակալի կամ պաշտոնատար անձի և նավի անձնակազմի միջև: Ծայրահեղ անհետաձգելի դեպքերում կարելի է տեղեկացնել այն ժամանակ, երբ արդեն ձեռնարկվում են նշված միջոցները:
4. Կալանավորման անհրաժեշտության կամ դրա իրականացման եղանակի հարցը լուծելիս տեղական իշխանությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն նավագնացության շահերը:
5. Բացառությամբ 12-րդ մասում նախատեսված դեպքերի կամ 5-րդ մասին համապատասխան ընդունված օրենքների ու կանոնների խախտումների` ափամերձ պետությունը չի կարող տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի վրա միջոցներ ձեռնարկել որևէ անձի կալանավորելու կամ մինչև տարածքային ծով մտնելը նավի վրա կատարված հանցագործության կապակցությամբ քննություն կատարելու համար, եթե նավը, գալով օտարերկրյա նավահանգստից, սահմանափակվում է տարածքային ծովով անցնելով` չմտնելով ներքին ջրերը: