Անցնել բովանդակությանը

Հոդված 111

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 111

Թարմ հետքերով հետապնդման իրավունք

1. Օտարերկրյա նավի թարմ հետքերով հետապնդում կարող է իրականացվել, եթե ափամերձ պետության իրավասու մարմինները բավարար հիմքեր ունեն` ենթադրելու, որ այդ նավը խախտել է այդ պետության օրենքներն ու կանոնները: Այդպիսի հետապնդումը պետք է սկսվի այն ժամանակ, երբ օտարերկրյա նավը կամ նրա նավակներից մեկը գտնվում է հետապնդող պետության ներքին ջրերում, արշիպելագային ջրերում, տարածքային ծովում կամ հարակից գոտում, և կարող է շարունակվել տարածքային ծովի կամ հարակից գոտու սահմաններից դուրս՝ պայմանով, որ այն չի ընդատվում: Չի պահանջվում, որ այն ժամանակ, երբ տարածքային ծովում կամ հարակից գոտում նավարկող օտարերկրյա նավը ստանում է կանգնելու հրաման, այն նավը, որը տալիս է այդ հրամանը, նույնպես գտնվի տարածքային ծովի կամ հարակից գոտու սահմաններում: Եթե օտարերկրյա նավը գտնվում է 33-րդ հոդվածում սահմանված հարակից գոտում, հետապնդումը կարող է սկսվել միայն այն իրավունքների խախտման հետ կապված, որոնց պաշտպանության համար սահմանված է այդ գոտին:

2. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը պետք է mutatis mutandis կիրառվի բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա, ներառյալ մայրցամաքային ելուստի վրա գտնվող սարքերի շուրջ անվտանգության գոտիները, ափամերձ պետության՝ սույն Կոնվենցիային համապատասխան՝ բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի` ներառյալ այդ անվտանգության գոտիների վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների խախտումների նկատմամբ:

3. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը դադարում է, երբ հետապնդվող նավը մտնում է իր պետության կամ որևէ երրորդ պետության տարածքային ծով:

4. Թարմ հետքերով հետապնդումը համարվում է սկսված միայն այն դեպքում, եթե հետապնդող նավը իր տրամադրության տակ եղած և գործնականում կիրառելի միջոցների օգնությամբ հավաստիացել է, որ հետապնդվող նավը կամ նրա նավակներից մեկը կամ այլ լողացող սարքերը, որոնք գործում են համատեղ և հետապնդվող նավը օգտագործում են որպես նավ-կայան, գտնվում են տարածքային ծովի սահմաններում կամ, առանձին դեպքերում հարակից գոտում կամ բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային ելուստի վրա: Հետապնդումը կարող է սկսել միայն կանգնելու մասին տեսանելի կամ ձայնային ազդանշան տալուց հետո՝ այնպիսի հեռավորությունից, որը օտարերկրյա նավին հնարավորություն է տալիս տեսնել կամ լսել այդ ազդանշանը:

5. Թարմ հետքերով հետապնդման իրավունքը կարող է իրականացվել միայն ռազմանավերի կամ ռազմական օդանավերի կամ այլ նավերի կամ օդանավերի կողմից, որոնք ունեն կառավարական ծառայության մեջ գտնվելու մասին վկայող հստակ տարբերանշաններ և լիազորված են այդ նպատակի համար:

6. Օդանավի կողմից թարմ հետքերով հետապնդման դեպքում.

ա) mutatis mutandis կիրառվում են 1-ինից 4-րդ դրույթները,

բ) կանգնելու մասին հրաման արձակող օդանավն ինքը պետք է ակտիվ հետապնդի նավին մինչև այդ օդանավի կողմից օգնության կանչված ափամերձ պետության որևէ նավ կամ որևէ այլ օդանավ հասնի համապատասխան վայր` հետապնդումը շարունակելու համար, եթե միայն օդանավն ինքը չի կարող կալանավորել նավը: Տարածքային ծովից դուրս նավի կալանավորումը արդարացնելու համար բավարար չէ, որ այն ուղղակի նկատված լինի օդանավի կողմից, որպես խախտում կատարած կամ խախտում կատարելու մեջ կասկածվող, եթե նա կանգնելու մասին հրաման չի ստացել և միաժամանակ չի հետապնդվել այլ օդանավի կամ անընդհատ հետապնդումը շարունակող այլ օդանավերի կամ նավերի կողմից:

7. Որևէ պետության իրավազորության սահմաններում կալանավորված և իրավասու մարմինների կողմից քննություն կատարելու նպատակով այդ պետության նավահանգիստ ուղեկցված նավի ազատման պահանջ չի կարող ներկայացվել միայն այն հիմքով, որ այդ նավը ուղեկցվել է բացառիկ տնտեսական գոտու կամ բաց ծովի որևէ մասով, եթե դա են պահանջել հանգամանքները:

8. Եթե նավը կանգնեցվել կամ կալանավորվել է տարածքային ծովից դուրս այնպիսի պայմաններում, որոնք հիմք չեն հանդիսանում թարմ հետքերով հետապնդման իրավունքն իրականացնելու համար, նրան պետք է հատուցվեն բոլոր պատճառված վնասները կամ կորուստները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։