Հոդված 161
Հոդված 161
Կազմը, ընթացակարգը և քվեարկությունը
1. Խորհուրդը կազմված է Մարմնի 36 անդամներից, որոնք ընտրվում են Ասամբլեայի կողմից՝ հետևյալ կարգով.
ա) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, կամ սպառել են օգտակար հանածոների այն կատեգորիաներից արտադրված հումքային ապրանքների ընդհանուր համաշխարհային սպառման ավելի քան 2 տոկոսը, որոնք արդյունահանվելու են Շրջանում, կամ ունեցել են այդ ապրանքների ընդհանուր համաշխարհային ներմուծման ծավալի ավելի քան 2 տոկոսի չափով զուտ ներմուծում, և բոլոր դեպքերում մեկ պետություն արևելաեվրոպական (սոցիալիստական) տարածաշրջանից, ինչպես նաև ամենախոշոր սպառողը,
բ) չորսն ընտրվում են ութ մասնակից պետությունների թվից, որոնք կամ անմիջականորեն, կամ իրենց քաղաքացիների միջոցով իրականացնում են ամենախոշոր ներդրումները Շրջանում գործունեության նախապատրաստման և իրականացման մեջ, այդ թվում՝ առնվազն մեկ պետություն արևելաեվրոպական (սոցիալիստական) տարածաշրջանից,
գ) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք իրենց իրավազորության ներքո գտնվող շրջաններում արդյունահանման շնորհիվ հանդիսանում են օգտակար հանածոների այն կատեգորիաների խոշոր նետտո-արտահանողներ, որոնք արդյունահանվելու են Շրջանում, այդ թվում՝ առնվազն երկու զարգացող պետություն, որոնց տնտեսության համար այդ օգտակար հանածոների արտահանումն ունի էական նշանակություն,
դ) վեցն ընտրվում են հատուկ շահեր ունեցող զարգացող մասնակից պետությունների թվից: Այդ հատուկ շահերը ներառում են մեծ ազգաբնակչություն ունեցող պետությունների, դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների, Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների խոշոր ներմուծող հանդիսացող պետությունների, որոնք հանդիսանում են այդ օգտակար հանածոների հավանական արտադրողներ, և նվազագույն չափով զարգացած պետությունների շահերը,
ե) տասնութն ընտրվում են Խորհրդում տեղերի արդարացի աշխարհագրական բաշխման ապահովման սկզբունքին համապատասխան` պայմանով, որ սույն ենթակետի հիման վրա յուրաքանչյուր աշխարհագրական տարածաշրջանից պետք է ընտրվի առնվազն մեկ անդամ: Այդ նպատակով աշխարհագրական տարածաշրջաններ են հանդիսանում Աֆրիկան, Ասիան, Արևելյան Եվրոպան (սոցիալիստական պետությունները), Լատինական Ամերիկան, Արևմտյան Եվրոպան և մյուս երկրները:
2. 1-ին կետին համապատասխան Խորհրդի անդամներ ընտրելիս Ասամբլեան պետք է ապահովի, որ.
ա) դեպի ծով ելք չունեցող պետությունները և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները ներկայացված լինեն Ասամբլեայում նրանց ներկայացուցչությանը համաչափ ձևով,
բ) ափամերձ պետությունները, հատկապես զարգացող պետությունները, որոնք չեն բավարարում 1-ին կետի «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի պահանջները, ներկայացված լինեն Ասամբլեայում նրանց ներկայացուցչությանը համաչափ ձևով,
գ) մասնակից պետությունների յուրաքանչյուր խմբի, որը պետք է ներկայացված լինի Խորհրդում, ներկայացնեն այն անդամները, որոնք նշանակվում են խմբի կողմից, եթե այդպիսիք կան:
3. Ընտրություններն անցկացվում են Ասամբլեայի հերթական նստաշրջանների ժամանակ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ընտրվում է չորս տարի ժամկետով: Սակայն առաջին ընտրությունների ժամանակ 1-ին կետում նշված յուրաքանչյուր խմբի անդամների կեսն ընտրվում է երկու տարի ժամկետով:
4. Խորհրդի անդամները կարող են վերընտրվել, սակայն պետք է հաշվի առնվի նրանց փոխատեղման ցանկալիությունը:
5. Խորհուրդը իր գործառույթներն իրականացնում է Մարմնի գտնվելու վայրում և իր նիստերը գումարում է այն հաճախականությամբ, որն անհրաժեշտ է՝ ելնելով Մարմնի գործերից, բայց ոչ պակաս, քան տարեկան երեք անգամ:
6. Խորհրդի անդամների մեծամասնությունը կազմում է քվորում:
7. Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
8. ա) Ընթացակարգային հարցերով որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
բ) Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք ծագում են 162-րդ հոդվածի 2-րդ կետի «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «իբ» ենթակետերի և 191-րդ հոդվածի հետ կապված, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի Խորհրդի անդամների մեծամասնությանը:
գ) Ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք ծագում են հետևյալ դրույթների հետ կապված, ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 3/4-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի Խորհրդի անդամների մեծամասնությանը` 162-րդ հոդվածի 1-ին կետ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «ժբ», «ժէ», «ժը», «ժթ», «ի» ենթակետեր, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ի» ենթակետ` պայմանագրի կողմի կամ երաշխավորի կողմից չպահպանվելու դեպքում, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իբ» ենթակետ` պայմանով, որ այդ ենթակետի համաձայն արձակված կարգադրությունները կարող են պարտադիր ուժ ունենալ ոչ ավելի, քան 30 օրվա ընթացքում, եթե դրանք չեն հաստատվում «դ» ենթակետին համապատասխան ընդունված որոշմամբ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իգ», «իդ», «իե» ենթակետեր, 163-րդ հոդվածի 2-րդ կետ, 174-րդ հոդվածի 3-րդ կետ, 4-րդ Հավելվածի 11-րդ հոդված:
դ) 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժգ» և «ժե» ենթակետերին վերաբերող ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումները, ինչպես նաև 11-րդ մասի ուղղումները ընդունվում են կոնսենսուսով:
ե) «դ», «զ» և «է» ենթակետերի նպատակների համար «կոնսենսուս» նշանակում է որևէ պաշտոնական առարկության բացակայություն: Խորհրդին առաջարկություն ներկայացնելուց հետո՝ 14 օրվա ընթացքում, Խորհրդի նախագահը պետք է պարզի՝ կառաջացնի՞ արդյոք առարկություն այդ առաջարկությունը, եթե այն ներկայացվի Խորհրդին ընդունման համար: Եթե Խորհրդի նախագահը պարզի, որ այդպիսի առարկություն կլինի, նա դրանից հետո՝ երեք օրվա ընթացքում, պետք է կազմի և գումարի համաձայնեցման կոմիտե` բաղկացած ոչ ավելի, քան ինը անդամից` հանդես գալով որպես այդ կոմիտեի նախագահ` տարաձայնությունների կարգավորման և այնպիսի առաջարկության մշակման նպատակով, որը կարող է ընդունվել կոնսենսուսով: Այդ կոմիտեն պետք է իր աշխատանքը կատարի հրատապ և Խորհրդին հաշվետվություն ներկայացնի իր կազմավորումից հետո՝ 14 օրվա ընթացքում: Եթե կոմիտեն չկարողանա առաջարկություն ներկայացնել, որը կընդունվեր կոնսենսուսով, նա պետք է իր հաշվետվության մեջ շարադրի այն պատճառները, որոնցով պայմանավորված են առաջարկության դեմ առարկությունները:
զ) Վերը չթվարկված հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք Խորհուրդն իրավասու է ընդունել Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան, կամ այլ կերպ ընդունվում են՝ ի կատարումն սույն կետի ենթակետերի, որոնք նշված են նորմերում, կանոններում և ընթացակարգերում, կամ եթե դրանք այդտեղ նշված չեն, ապա ի կատարումն սույն կետի այն ենթակետի, որը որոշվում է Խորհրդի կողմից հնարավորինս շուտ` կոնսենսուսով:
է) Եթե հարց առաջանա այն մասին՝ տարածվո՞ւմ է արդյոք «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի գործողությունը որևէ հարցի վրա, այդ հարցը պետք է դիտվի որպես այն ենթակետի գործողության տակ ընկնող, որը, կախված հանգամանքներից, նախատեսում է մեծամասնության ավելի բարձր կամ ամենաբարձր մակարդակ կամ կոնսենսուս, եթե Խորհուրդը չընդունի այլ որոշում նշված մեծամասնությամբ կամ կոնսենսուսով:
9. Խորհուրդը պետք է սահմանի ընթացակարգ, որին համապատասխան՝ Մարմնի` Խորհրդում չներկայացված անդամը կարող է ներկայացուցիչ ուղարկել Խորհրդի նիստին մասնակցելու համար, եթե այդ անդամը խնդրում է դրա մասին, կամ եթե քննարկվում է նրան հատկապես վերաբերող հարց: Այդ ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու վիճաբանություններին, սակայն չունի ձայնի իրավունք: