Հոդված 162
Հոդված 162
Լիազորությունները և գործառույթները
1. Խորհուրդը Մարմնի գործադիր մարմինն է: Խորհուրդն իրավասու է, սույն Կոնվենցիային և Ասամբլեայի կողմից սահմանված ընդհանուր քաղաքականությանը համապատասխան, սահմանել այն կոնկրետ քաղաքականությունը, որը Մարմինը պետք է վարի իր իրավասությանը վերապահված ցանկացած հարցով կամ խնդրով:
2. Բացի այդ, Խորհուրդը.
ա) վերահսկում և համակարգում է սույն մասի դրույթների կատարումը Մարմնի իրավասությանը վերապահված բոլոր հարցերով և խնդիրներով և Ասամբլեայի ուշադրությունը հրավիրում է չկատարման դեպքերի վրա,
բ) Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու համար Ասամբլեային ներկայացնում է թեկնածուների ցուցակ,
գ) Ասամբլեային երաշխավորում է թեկնածուներ Ձեռնարկության վարչության անդամների և Ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրելու համար,
դ) ըստ անհրաժեշտության և ելնելով տնտեսման ու արդյունավետության պահանջներից՝ հիմնադրում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ է համարում սույն մասին համապատասխան իր գործառույթների իրականացման համար: Օժանդակ մարմինների կազմը որոշելիս պետք է հատուկ ուշադրություն դարձվի այնպիսի անդամներ ունենալու անհրաժեշտությանը, որոնք ունեն պատշաճ որակավորում և իրավասու են այն տեխնիկական հարցերում, որոնցով զբաղվում են այդ մարմինները` պատշաճ կերպով հաշվի առնելով արդարացի աշխարհագրական բաշխման ու հատուկ շահերի սկզբունքը,
ե) ընդունում է իր կանոնակարգը, ներառյալ՝ սահմանում է իր նախագահի ընտրության կարգը,
զ) Մարմնի անունից և իր լիազորությունների շրջանակում Միավորված ազգերի կազմակերպության հետ կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ կնքում է համաձայնագրեր, որոնք ենթակա են հաստատման Ասամբլեայի կողմից,
է) քննարկում է Ձեռնարկության հաշվետվությունները և դրանք ներկայացնում է Ասամբլեային` իր հանձնարարականներով,
ը) Ասամբլեային ներկայացնում է տարեկան հաշվետվություններ և հատուկ հաշվետվություններ, որոնք կարող են պահանջվել Ասամբլեայի կողմից,
թ) հանձնարարություններ է տալիս Ձեռնարկությանը՝ 170-րդ հոդվածին համապատասխան,
ժ) հաստատում է աշխատանքային պլանները՝ 3-րդ Հավելվածի 6-րդ հոդվածին համապատասխան: Խորհուրդը յուրաքանչյուր աշխատանքային պլանի վերաբերյալ որոշումն ընդունում է Խորհրդի նիստին Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կողմից այն հետևյալ ընթացակարգով ներկայացվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում`
i) եթե Հանձնաժողովը երաշխավորում է հաստատել աշխատանքային պլանը, այն համարվում է Խորհրդի կողմից հաստատված, եթե Խորհրդի անդամներից ոչ մեկը 14 օրվա ընթացքում նախագահին չի ներկայացրել գրավոր առարկություն` կապված 3-րդ Հավելվածի 6-րդ հոդվածի պահանջների ենթադրվող չկատարման հետ: Եթե կա առարկություն, կիրառվում է 161-րդ հոդվածի 8-րդ կետի «ե» ենթակետում շարադրված համաձայնեցման ընթացակարգը: Եթե համաձայնեցման ընթացակարգի ավարտին առարկությունը դեռ չի հանվել, համարվում է, որ այդ աշխատանքային պլանը հաստատվել է Խորհրդի կողմից, միայն եթե Խորհուրդը չի մերժել այն իր անդամների միջև ձեռք բերված կոնսենսուսով, բացառությամբ այն պետության կամ պետությունների, որոնք հայտ են ներկայացրել կամ հանդես են եկել որպես հայտ ներկայացնողների երաշխավորներ,
ii) եթե Հանձնաժողովը երաշխավորում է չհաստատել աշխատանքային պլանը կամ չի տալիս որևէ երաշխավորություն, Խորհուրդը կարող է հաստատել այդ աշխատանքային պլանը ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 3/4-ով՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը ներառի տվյալ նստաշրջանին մասնակցող անդամների մեծամասնությանը,
ժա) հաստատում է Ձեռնարկության կողմից 4-րդ Հավելվածի 12-րդ հոդվածին համապատասխան ներկայացված աշխատանքային պլանները` mutatis mutandis կիրառելով «ժ» ենթակետում նշված ընթացակարգերը,
ժբ) 153-րդ հոդվածի 4-րդ կետին և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան՝ վերահսկողություն է իրականացնում Շրջանում գործունեության նկատմամբ,
ժգ) Տնտեսական պլանային հանձնաժողովի երաշխավորությամբ, 150-րդ հոդվածի «ը» ենթակետին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ և պատշաճ միջոցներ՝ դրանում նշված բացասական տնտեսական հետևանքներից պաշտպանության ապահովման համար,
ժդ) Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Ասամբլեային հանձնարարականներ է տալիս փոխհատուցման համակարգի և տնտեսության հարմարեցմանը նպաստող այլ միջոցների վերաբերյալ, ինչպես դա նախատեսված է 151-րդ հոդվածի 10-րդ կետում,
ժե) i) հանձնարարականներ է տալիս Ասամբլեային Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման, ինչպես նաև 82-րդ հոդվածի համաձայն կատարվող վճարումների ու մուծումների վերաբերյալ նորմերի, կանոնների և ընթացակարգերի կապակցությամբ` հատուկ հաշվի առնելով զարգացող պետությունների և այն ժողովուրդների շահերն ու կարիքները, որոնք ձեռք չեն բերել լիակատար անկախություն կամ ինքնակառավարման այլ կարգավիճակ,
ii) ընդունում և ժամանակավորապես` մինչև Ասամբլեայի կողմից հաստատելը, կիրառում է Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը, ինչպես նաև դրանցում արված ուղղումները` հաշվի առնելով Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կամ այլ շահագրգիռ ստորադաս մարմնի հանձնարարականները: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը վերաբերում են Շրջանում իրականացվող որոնման, հետախուզման և շահագործման աշխատանքներին և Մարմնի ֆինանսների կառավարմանն ու ներքին վարչական ղեկավարմանը: Նախապատվությունը պետք է տրվի բազմամետաղ հանքամարմինների հետախուզման և շահագործման վերաբերյալ նորմերի, կանոնների և ընթացակարգերի ընդունմանը: Բազմամետաղ հանքամարմիններից բացի, ցանկացած այլ պաշարի հետախուզման և շահագործման վերաբերյալ նորմերը, կանոնները և ընթացակարգերն ընդունվում են Մարմնին նրա ցանկացած անդամի կողմից այդ մասին դիմելու օրվանից երեք տարվա ընթացքում: Բոլոր նորմերը, կանոնները և ընթացակարգերը գործում են ժամանակավորապես՝ մինչև Ասամբլեայի կողմից հաստատվելը կամ Խորհրդի կողմից Ասամբլեայի հայտնած կարծիքների հիման վրա փոփոխություններ մտցվելը,
ժզ) ստուգում է բոլոր վճարումների գանձումը, որոնք պետք է կատարի կամ ստանա Մարմինը` կապված սույն մասին համապատասխան իրականացվող գործառնությունների հետ,
ժէ) 3-րդ Հավելվածի 7-րդ հոդվածին համապատասխան՝ ընտրություն է կատարում արտադրության թույլտվություն ստանալու համար հայտ ներկայացնողների թվից, երբ այդպիսի ընտրությունը նախատեսվում է նշված դրույթով,
ժը) Ասամբլեայի հաստատմանն է ներկայացնում Մարմնի՝ առաջարկվող տարեկան բյուջեն,
ժթ) Ասամբլեային հանձնարարականներ է տալիս Մարմնի իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի կամ խնդրի վերաբերյալ քաղաքականության կապակցությամբ,
ի) Ասամբլեային հանձնարարականներ է տալիս անդամությունից բխող իրավունքների ու արտոնությունների իրականացումը կասեցնելու վերաբերյալ՝ 185-րդ հոդվածին համապատասխան,
իա) չկատարման դեպքում Մարմնի անունից վարույթ է հարուցում Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատում,
իբ) Ասամբլեային իրազեկում է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի կողմից «ի» ենթակետին համապատասխան հարուցված վարույթի ընթացքում ընդունված որոշման մասին և հանձնարարականներ է տալիս, որպիսիք նպատակահարմար է համարում` կապված այն միջոցների հետ, որոնք պետք է ձեռնարկվեն,
իգ) արտակարգ պայմաններում կարգադրություններ է արձակում, այդ թվում՝ կարգադրություններ Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրին լուրջ վնասի կանխարգելման նպատակով գործառույթների կասեցման կամ փոփոխման մասին,
իդ) մերժում է պայմանագրի կողմերի կամ Ձեռնարկության կողմից շահագործման համար շրջանների հաստատումը այն դեպքերում, երբ առկա են ծովային միջավայրին լուրջ վնաս հասցնելու ռիսկի մասին վկայող էական ապացույցներ,
իե) հիմնադրում է օժանդակ մարմին ֆինանսական նորմերի, կանոնների և ընթացակարգերի նախագծի մշակման համար, որոնք կապված են.
i) 171-175-րդ հոդվածներին համապատասխան՝ ֆինանսների կառավարման, և
ii) 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածին և 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ ֆինանսական գործառնությունների հետ,
իզ) ստեղծում է համապատասխան մեխանիզմներ տեսուչների խմբի ղեկավարման և վերահսկման համար, որոնք ստուգում են Շրջանում իրականացվող գործունեությունը` նպատակ ունենալով պարզել՝ պահպանվո՞ւմ են արդյոք սույն մասի դրույթները, Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը և Մարմնի հետ ցանկացած պայմանագրի դրույթներն ու պայմանները: