Անցնել բովանդակությանը

Հոդված 165

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 165

Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողով

1. Իրավաբանական և տեխնիկական Հանձնաժողովի անդամները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում հանքային պաշարների հետախուզման, շահագործման և վերամշակման, օվկիանոսագիտության, ծովային միջավայրի պաշտպանության կամ ծովային լեռնագործության և հարակից ոլորտների հետ կապված տնտեսական կամ իրավական հարցերի բնագավառում: Խորհուրդը պետք է ձգտի ապահովել, որ Հանձնաժողովն իր կազմով համապատասխանի որակավորման բոլոր անհրաժեշտ պահանջներին:

2. Հանձնաժողովը՝

ա) Խորհրդի պահանջով՝ հանձնարարականներ է տալիս Մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ,

բ) 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ուսումնասիրում է Շրջանում գործունեության իրականացման պաշտոնական, գրավոր աշխատանքային պլանները և Խորհրդին ներկայացնում է համապատասխան հանձնարարականներ: Հանձնաժողովի հանձնարարականները պետք է հիմնված լինեն բացառապես 3-րդ Հավելվածում նախատեսված պահանջների վրա, որոնց մասին նա պետք է ամբողջական հաշվետվություն ներկայացնի Խորհրդին,

գ) Խորհրդի պահանջով՝ հսկողություն է իրականացնում Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով և համագործակցելով այդպիսի գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտի կամ ցանկացած շահագրգիռ պետության կամ պետությունների հետ, և հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին,

դ) նախապատրաստում է Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական հետևանքների գնահատականներ,

ե) հանձնարարականներ է ներկայացնում Խորհրդին ծովային միջավայրի պաշտպանության վերաբերյալ` հաշվի առնելով այդ բնագավառի ճանաչված փորձագետների կարծիքները,

զ) մշակում և Խորհրդին է ներկայացնում 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետում նշված նորմերը, կանոնները և ընթացակարգերը` հաշվի առնելով այդ հարցերին վերաբերող բոլոր գործոնները՝ ներառյալ Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական հետևանքների գնահատականները,

է) մշտապես ուսումնասիրում է այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը ու ժամանակ առ ժամանակ Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում դրանցում այնպիսի ուղղումներ կատարելու վերաբերյալ, որոնք ինքը անհրաժեշտ կամ ցանկալի է համարում,

ը) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրի աղտոտման ռիսկերը կամ հետևանքները կանոնավոր կերպով՝ ճանաչված գիտական մեթոդների միջոցով հսկելու, չափելու, գնահատելու և վերլուծելու համար մոնիտորինգի ծրագրի ստեղծման վերաբերյալ, ապահովում է գործող կանոնների պատշաճ բնույթը և կատարումը և համակարգում է Խորհրդի կողմից հաստատված այդ մոնիտորինգի ծրագրի իրականացումը,

թ) Խորհրդին հանձնարարական է ներկայացնում՝ Մարմնի անունից վարույթ հարուցել Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատում՝ սույն մասի և դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան՝ մասնավորապես, հաշվի առնելով 187-րդ հոդվածը,

ժ) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում այն միջոցների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն «թ» ենթակետին համապատասխան հարուցված՝ գործերի քննության արդյունքում Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի որոշման հիման վրա,

ժա) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում արտակարգ իրավիճակներում կարգադրություններ արձակելու վերաբերյալ, որոնց թվին են պատկանում Շրջանում իրականացվող գործունեության արդյունքում ծովային միջավայրին պատճառվող լուրջ վնասը կանխարգելելու նպատակով գործառույթները կասեցնելու կամ կարգավորելու վերաբերյալ կարգադրությունները,

ժբ) այն դեպքերում, երբ առկա են ծովային միջավայրին լուրջ վնաս պատճառելու ռիսկի մասին վկայող հիմնավոր ապացույցներ, Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում պայմանագրի կողմերին կամ Ձեռնարկության կողմից շահագործման համար շրջանների հաստատումը մերժելու վերաբերյալ,

ժգ) Խորհրդին հանձնարարականներ է ներկայացնում տեսուչների խմբի գործունեությունը ղեկավարելու ու հսկելու վերաբերյալ, որոնք ստուգում են Շրջանում իրականացվող գործունեությունը՝ նպատակ ունենալով պարզել՝ պահպանվո՞ւմ են արդյոք սույն մասի դրույթները, Մարմնի նորմերը, կանոնները և ընթացակարգերը ու Մարմնի հետ ցանկացած պայմանագրի դրույթները և պայմանները,

ժդ) հաշվարկում է արտադրության վերին սահմանը և Մարմնի անունից տալիս է արտադրության թույլտվություններ, 151-րդ հոդվածի 2-7-րդ կետերին համապատասխան, արտադրության թույլտվության համար հայտ ներկայացնողների թվից Խորհրդի կողմից, 3-րդ Հավելվածի 7-րդ հոդվածին համապատասխան, անհրաժեշտ ընտրություն կատարվելուց հետո:

3. Հանձնաժողովի անդամները, ցանկացած մասնակից պետության կամ շահագրգիռ կողմի պահանջով, պետք է իրենց հսկողության ու ստուգման գործառույթների կատարման ընթացքում ուղեկցվեն այդ պետության կամ այլ շահագրգիռ կողմի ներկայացուցչի կողմից:

Ենթաբաժին Դ

Քարտուղարություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։