Հոդված 187
Հոդված 187
Պալատի իրավասությունը ծովի հատակի վերաբերյալ վեճերով
Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը, սույն մասին և դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան, օժտված է իրավասությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող հետևյալ կատեգորիաների վեճերով.
ա) մասնակից պետությունների միջև վեճեր, որոնք վերաբերում են սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների մեկնաբանմանը կամ կիրառմանը,
բ) մասնակից պետության և Մարմնի միջև վեճեր, որոնք վերաբերում են.
i) Մարմնի կամ մասնակից պետության գործողություններին կամ բացթողումներին, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են սույն մասի կամ դրան վերաբերող Հավելվածների կամ Մարմնի՝ դրանց համապատասխան ընդունված նորմերի, կանոնների և ընթացակարգերի խախտում, կամ
ii) Մարմնի գործողություններին, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են նրա իրավասության սահմանազանցում կամ լիազորությունների չարաշահում,
գ) ինչպես նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով, պայմանագրի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների, Մարմնի կամ Ձեռնարկության, պետական ձեռնարկությունների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր, որոնք վերաբերում են.
i) համապատասխան պայմանագրի կամ աշխատանքային պլանի մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ
ii) պայմանագրի կողմի գործողություններին կամ բացթողումներին, որոնք վերաբերում են Շրջանում իրականացվող գործունեությանը և կատարվում են մյուս կողմի նկատմամբ կամ անմիջականորեն շոշափում են նրա օրինական շահերը,
դ) Մարմնի և պայմանագրի հավանական կողմի միջև վեճեր, որոնք վերաբերում են պայմանագիրը կնքելուց հրաժարվելուն կամ պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ ծագող որևէ իրավական հարցի, եթե պայմանագրի այդ կողմի համար երաշխավորել է պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում, և եթե նա կատարել է 3-րդ Հավելվածի 4-րդ հոդվածի 6-րդ կետում և 13-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պայմանները,
ե) Մարմնի և մասնակից պետության, պետական ձեռնարկության կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջև վեճեր, եթե նրանց համար երաշխավորել է մասնակից պետությունը, ինչպես դա նախատեսված է 153-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում, երբ, ինչպես ենթադրվում է, Մարմինը պատասխանատվություն է կրում` համաձայն 3-րդ Հավելվածի 22-րդ հոդվածի,
զ) ցանկացած այլ վեճ, որի վերաբերյալ Պալատի իրավասությունը կոնկրետ նախատեսված է սույն Կոնվենցիայով: