Անցնել բովանդակությանը

Հոդված 211

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 211

Աղտոտումը նավերից

1. Պետությունները, գործելով իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է սահմանեն նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար միջազգային նորմեր ու չափանիշներ, և նպաստեն նույն կերպ, ըստ անհրաժեշտության, ուղիների համակարգի սահմանմանը այնպիսի վթարների սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար, որոնք կարող են առաջացնել ծովային միջավայրի, ներառյալ ափը, աղտոտում և աղտոտման հետևանքով վնաս պատճառել դրա հետ կապված ափամերձ պետությունների շահերին: Այդ նորմերը և չափանիշները պետք է համանման կերպով, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:

2. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ և կանոններ իրենց դրոշի ներքո նավարկող կամ իրենց մոտ գրանցված նավերից ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար: Այդ օրենքներն ու կանոնները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված հանրաճանաչ միջազգային նորմերն ու չափանիշներն են:

3. Պետությունները, որոնք որպես իրենց նավահանգիստներ կամ ներքին ջրեր օտարերկրյա նավերի մուտքի և իրենց ափամերձ բեռնահամալիրների մոտ կանգառի համար պայման հատուկ պահանջներ են սահմանում ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, պետք է պատշաճ կերպով հրապարակեն այդ պահանջները և դրանց մասին տեղեկացնեն իրավասու միջազգային կազմակերպությանը: Այն դեպքերում, երբ երկու կամ ավելի ափամերձ պետություններ, ձգտելով համաձայնեցնել իրենց քաղաքականությունը, սահմանում են այդպիսի պահանջներ նույնանման ձևով, հաղորդագրություններում պետք է նշվի, թե որ պետություններն են մասնակցում այդ համատեղ պայմանավորվածություններին: Յուրաքանչյուր պետություն պետք է պահանջի, որ իր դրոշի ներքո նավարկող կամ իր մոտ գրանցված նավի նավապետը այն ժամանակ, երբ նավը գտնվում է այդպիսի համատեղ պայմանավորվածություններին մասնակցող պետության տարածքային ծովում, այդ պետության խնդրանքով՝ տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե շարժվո՞ւմ է արդյոք նավը դեպի նույն շրջանի` այդ համատեղ պայմանավորվածություններին մասնակցող պետություն, և այդ դեպքում նշի` պահպանո՞ւմ է արդյոք նավը այդ պետության կողմից նավահանգիստ մտնելու համար սահմանված պահանջները: Սույն հոդվածը չի շոշափում նավի կողմից իրեն խաղաղ անցման իրավունքի անընդհատ իրականացման կամ 25-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման մասին հարցը:

4. Իրենց տարածքային ծովի սահմաններում ափամերձ պետությունները կարող են, ելնելով իրենց ինքնիշխանությունից, ընդունել օրենքներ ու կանոններ օտարերկրյա նավերից, ներառյալ խաղաղ անցման իրավունքն իրականացնող նավերը, ծովի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար: Այդ օրենքներն ու կանոնները, 2-րդ մասի 3-րդ բաժնին համապատասխան, չպետք է խոչընդոտեն օտարերկրյա նավերի խաղաղ անցմանը:

5. Կատարման ապահովման նպատակով՝ ափամերձ պետությունները, ինչպես դա նախատեսված է 6-րդ բաժնում, կարող են իրենց բացառիկ տնտեսական գոտիների վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, որոնք համապատասխանում են իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված հանրաճանաչ միջազգային նորմերին ու չափանիշներին, և որոնք ուժի մեջ են մտցնում այդ նորմերն ու չափանիշները:

6. ա) Երբ 1-ին կետում նշված միջազգային նորմերն ու չափանիշները չեն բավարարում հատուկ պայմաններին, և ափամերձ պետությունը ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ իր բացառիկ տնտեսական գոտու որոշակի, հստակ նշված շրջանը իրենից ներկայացնում է այնպիսի շրջան, որտեղ օվկիանոսագիտական և բնապահպանական պայմանների, ինչպես նաև այդ շրջանի օգտագործման կամ նրա պաշարների պաշտպանության և այնտեղ նավերի նավարկության հատուկ բնույթի հետ կապված՝ ընդունված տեխնիկական պատճառներով պահանջվում է նավերից աղտոտման կանխարգելման համար հատուկ պարտադիր միջոցների ձեռնարկում, ափամերձ պետությունը իրավասու միջազգային կազմակերպության միջոցով ցանկացած այլ շահագրգիռ պետությունների հետ համապատասխան խորհրդատվություններից հետո կարող է տվյալ շրջանի վերաբերյալ հաղորդագրություն ուղարկել այդ կազմակերպությանը` ներկայացնելով դա հիմնավորող գիտական ու տեխնիկական ապացույցներ, ինչպես նաև անհրաժեշտ ընդունող սարքերի մասին տեղեկատվություն: Այդ հաղորդագրությունը ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, այդ կազմակերպությունը պետք է պարզի` համապատասխանո՞ւմ են արդյոք այդ շրջանի պայմանները վերը շարադրված պահանջներին: Եթե կազմակերպությունն այդպիսի որոշում ընդունի, ափամերձ պետությունը կարող է այդ շրջանի վերաբերյալ ընդունել օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար` իրականացնելով այնպիսի միջազգային նորմեր ու չափանիշներ կամ նավագնացության պրակտիկա, որոնք այդ կազմակերպության կողմից կիրառելի են ճանաչվում հատուկ շրջանների նկատմամբ: Այդ օրենքներն ու կանոնները օտարերկրյա նավերի նկատմամբ կիրառվում են միայն նշված հաղորդագրությունը կազմակերպությանը ներկայացնելուց հետո՝ 15 ամիս անց:

բ) Ափամերձ պետությունները պետք է հրապարակեն այդպիսի որոշակի, հստակ նշված շրջանի սահմանները:

գ) Եթե ափամերձ պետությունները մտադրվում են այդ շրջանի վերաբերյալ ընդունել լրացուցիչ օրենքներ ու կանոններ նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, նրանք, ներկայացնելով վերը նշված հաղորդագրությունը, պետք է միաժամանակ այդ մասին տեղեկացնեն կազմակերպությանը: Այդ լրացուցիչ օրենքներն ու կանոնները կարող են վերաբերել արտանետումներին կամ նավագնացության պրակտիկային, սակայն չպետք է օտարերկրյա նավերից պահանջեն պահպանել նախագծման, կառուցման, անձնակազմի համալրման կամ սարքավորման այլ չափանիշներ, քան հանրաճանաչ միջազգային նորմերն ու չափանիշներն են. դրանք օտարերկրյա նավերի նկատմամբ կիրառվում են նշված հաղորդագրությունը կազմակերպությանը ներկայացնելուց հետո՝ 15 ամիս անց՝ պայմանով, որ այդ կազմակերպությունը կտա իր համաձայնությունը նշված հաղորդագրությունը ներկայացնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

7. Սույն հոդվածում նշված միջազգային նորմերն ու չափանիշները, inter alia, ներառում են նորմեր ու չափանիշներ, որոնք վերաբերում են ափամերձ այն պետություններին անհապաղ ծանուցմանը, որոնց ափը կամ դրա հետ կապված շահերը կարող են վնաս կրել պատահարների, ներառյալ ծովային վթարները, արդյունքում, որոնք առաջացնում են արտանետումներ կամ արտանետումների հավանականություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։