Հոդված 218
Հոդված 218
Նավահանգստի պետությունների կողմից կատարման ապահովումը
1. Եթե նավը կամովին գտնվում է որևէ պետության նավահանգիստներից մեկում կամ ափամերձ բեռնահամալիրներից մեկի մոտ, այդ պետությունը կարող է քննություն սկսել և, երբ դա հիմնավորված է՝ ելնելով ապացույցներից, վարույթ հարուցել այդ նավից տվյալ պետության ներքին ջրերի, տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս ցանկացած արտանետման վերաբերյալ՝ խախտելով իրավասու միջազգային կազմակերպության կամ ընդհանուր դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով սահմանված կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները:
2. Այլ պետության ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում արտանետման հետ կապված խախտման վերաբերյալ 1-ին կետին համապատասխան ոչ մի վարույթ չի հարուցվում միայն եթե չի ստացվել այդ պետության, դրոշի պետության կամ այն պետության խնդրանքը, որը տուժել կամ վտանգի է ենթարկվել արտանետման հետ կապված խախտման արդյունքում, կամ եթե այդպիսի խախտումը չի առաջացրել կամ չի սպառնում առաջացնել վարույթ հարուցող պետության ներքին ջրերի, տարածքային ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու աղտոտում:
3. Երբ նավը կամովին գտնվում է որևէ պետության նավահանգստում կամ ափամերձ բեռնահամալիրի մոտ, այդ պետությունը պետք է, որքանով դա գործնականում իրագործելի է, կատարի ցանկացած պետության՝ 1-ին կետում նշված արտանետման հետ կապված խախտման քննության վերաբերյալ խնդրանքը, որը ենթադրաբար կատարվել է խնդրանքով դիմող պետության ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում, կամ պատճառել կամ սպառնում է վնաս պատճառել նշված տարածքներին: Նա պետք է նաև կատարի, որքանով դա գործնականում իրագործելի է, այդպիսի խախտման քննության վերաբերյալ դրոշի պետության խնդրանքը՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ խախտումը կատարվել:
4. Սույն հոդվածին համապատասխան՝ նավահանգստի պետության կողմից կատարված քննության նյութերը պետք է համապատասխան խնդրանքի առկայության դեպքում փոխանցվեն դրոշի պետությանը կամ ափամերձ պետությանը: Նավահանգստի պետության կողմից այդպիսի քննության հիման վրա հարուցված ցանկացած վարույթ կարող է, 7-րդ բաժնի դրույթների պահպանման պայմանով, ափամերձ պետության խնդրանքով կասեցվել, եթե խախտումը կատարվել է նրա ներքին ջրերում, տարածքային ծովում կամ բացառիկ տնտեսական գոտում: Գործով ապացույցները և արձանագրությունները, ինչպես նաև նավահանգստի պետության իշխանությունների մոտ թողնված ցանկացած գրավը կամ այլ ֆինանսական ապահովումը պետք է այդ դեպքում փոխանցվեն ափամերձ պետությանը: Այդպիսի փոխանցումը բացառում է վարույթի շարունակումը նավահանգստի պետությունում: