Հոդված 22
Հոդված 22
Ծովային միջանցքները և տարածքային ծովում երթևեկության տարանջատման սխեմաները
1. Հաշվի առնելով նավագնացության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` ափամերձ պետությունը կարող է իր տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքն իրականացնող օտարերկրյա նավերից պահանջել, որ նրանք օգտագործեն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք ինքը կարող է սահմանել կամ նշանակել նավերի անցումը կարգավորելու համար:
2. Մասնավորապես, այդպիսի ծովային միջանցքներով անցնելու պահանջ կարող է ներկայացվել լցանավերին, միջուկային շարժիչով նավերին և միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավերին:
3. Սույն հոդվածին համապատասխան ծովային միջանցքներ և երթևեկության տարանջատման սխեմաներ սահմանելով` ափամերձ պետությունը հաշվի է առնում.
ա) իրավասու միջազգային կազմակերպության հանձնարարականները,
բ) բոլոր ուղիները, որոնք սովորաբար օգտագործվում են միջազգային նավագնացության համար,
գ) որոշակի նավերի և ուղիների հատուկ բնութագրերը, և
դ) նավերի երթևեկության ինտենսիվությունը:
4. Ափամերձ պետությունը հստակ նշում է այդ ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա: