Հոդված 226
Հոդված 226
Օտարերկրյա նավերի հետ կապված քննությունը
1. ա) Պետությունները չպետք է պահեն օտարերկրյա նավն ավելի երկար, քան դա պահանջվում է 216-րդ, 218-րդ և 220-րդ հոդվածներում նախատեսված քննության նպատակների համար: Օտարերկրյա նավի ցանկացած ստուգում պետք է սահմանափակվի այն վկայագրերի, նավամատյանների կամ այլ փաստաթղթերի ստուգմամբ, որոնք պետք է լինեն նավի վրա, հանրաճանաչ միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, կամ ցանկացած համանման փաստաթղթերի ստուգմամբ, որոնք պահվում են նավի վրա. նավի հետագա ստուգումը կարող է կատարվել միայն վերը նշված ստուգումից հետո և միայն այն դեպքում, երբ.
i) բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նավի կամ դրա սարքավորումների վիճակը զգալի չափով չի համապատասխանում այդ փաստաթղթերին,
ii) այդ փաստաթղթերի բովանդակությունը բավարար չէ ենթադրյալ խախտումը հաստատելու կամ ստուգելու համար, կամ
iii) նավը չունի վավերական վկայագրեր կամ նավամատյաններ:
բ) Եթե քննությունը վկայում է ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ կիրառելի օրենքների ու կանոնների կամ միջազգային նորմերի ու չափանիշների խախտման մասին, նավը պետք է անհապաղ ազատվի` այնպիսի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պայմանով, ինչպիսիք են գրավի կամ այլ հարմար ֆինանսական ապահովման տրամադրումը:
գ) Չխախտելով նավարկության համար նավերի պիտանիության վերաբերյալ կիրառելի միջազգային նորմերն ու չափանիշները` նավն ազատելու վերաբերյալ պահանջը կարող է մերժվել, կամ դա կարող է պայմանավորված լինել նավի` մոտակա հարմար նավանորոգարան տեղափոխումով, եթե այդ նավն իրենից ծովային միջավայրին վնաս պատճառելու չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում: Երբ նավն ազատելու վերաբերյալ պահանջը մերժվել է, կամ դա կախվածության մեջ է դրվել որոշակի պայմաններից, դրոշի պետությունը պետք է անհապաղ տեղեկացվի դրա մասին, և նա կարող է պահանջել ազատել այդ նավը` 15-րդ մասին համապատասխան:
2. Պետությունները պետք է համագործակցեն ծովում նավերի անտեղի ստուգումից խուսափելու համար ընթացակարգերի մշակման հարցում: