Անցնել բովանդակությանը

Հոդված 246

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 246

Ծովային գիտական հետազոտությունները բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային ելուստի վրա

1. Ափամերձ պետությունները, իրականացնելով իրենց իրավազորությունը, իրավունք ունեն կարգավորելու, թույլատրելու ու կատարելու ծովային գիտական հետազոտություններ իրենց բացառիկ տնտեսական գոտում և իրենց մայրցամաքային ելուստի վրա՝ սույն Կոնվենցիայի՝ դրան վերաբերող դրույթներին համապատասխան:

2. Բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտությունները կատարվում են ափամերձ պետության համաձայնությամբ:

3. Սովորական պայմաններում ափամերձ պետությունները պետք է տան իրենց համաձայնությունը այլ պետությունների կամ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից իրենց բացառիկ տնտեսական գոտում կամ իրենց մայրցամաքային ելուստի վրա սույն Կոնվենցիային համապատասխան՝ խաղաղ նպատակներով և հանուն ամբողջ մարդկության բարօրության ծովային միջավայրի մասին գիտելիքների ընդլայնման համար ծովային գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Այդ նպատակով ափամերձ պետությունները պետք է սահմանեն նորմեր ու ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ չլինեն անհիմն ձգձգումներ կամ մերժումներ այդպիսի համաձայնություն տալու հարցում:

4. 3-րդ կետի կիրառման նպատակների համար սովորական պայմաններ կարող են գոյություն ունենալ՝ չնայած ափամերձ պետության ու հետազոտություններ կատարող պետության միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:

5. Ափամերձ պետությունները կարող են, սակայն, իրենց հայեցողությամբ համաձայնություն չտալ այլ պետության կամ իրավասու միջազգային կազմակերպության կողմից իրենց բացառիկ տնտեսական գոտում կամ իրենց մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտահետազոտական ծրագրի իրականացման վերաբերյալ, եթե այդ ծրագիրը.

ա) ունի անմիջական նշանակություն ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնական պաշարների հետախուզման ու շահագործման համար,

բ) ներառում է մայրցամաքային ելուստի վրա հորատում, պայթուցիկ նյութերի օգտագործում կամ ծովային միջավայր վնասակար նյութերի ներմուծում,

գ) ներառում է 60-րդ ու 80-րդ հոդվածներում նշված արհեստական կղզիների, սարքերի և կառույցների շինարարությունը, շահագործումը և օգտագործումը,

դ) պարունակում է 248-րդ հոդվածի հիման վրա տրամադրված՝ ծրագրի բնույթի ու նպատակների վերաբերյալ տեղեկատվություն, որը ճշգրիտ չէ, կամ եթե հետազոտություն կատարող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը ափամերձ պետության հանդեպ ունեն նախկինում իրականացված հետազոտական ծրագրից բխող չկատարված պարտավորություններ:

6. Չնայած 5-րդ կետի դրույթներին՝ ափամերձ պետությունները չեն կարող իրենց հայեցողությամբ այդ կետի «ա» ենթակետին համապատասխան համաձայնություն չտալ այն ծովային գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն սույն մասի դրույթներին համապատասխան՝ մայրցամաքային ելուստի վրա՝ այն ելակետային գծերից հաշված 200 ծովային մղոնի սահմաններից դուրս, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, այն սահմանված շրջաններից դուրս, որոնք ափամերձ պետությունները ցանկացած ժամանակ կարող են պաշտոնապես հայտարարել շրջաններ, որտեղ իրականացվում կամ ողջամիտ ժամկետից հետո իրականացվելու են այդ շրջաններում կենտրոնացված՝ շահագործմանը կամ մանրակրկիտ հետազոտմանն ուղղված գործողություններ: Ափամերձ պետությունները պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն այդ շրջանների մասին, ինչպես նաև այդ շրջանների վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին, սակայն պարտավոր չեն տալ այդտեղ իրականացվող գործողությունների մանրամասն նկարագիրը:

7. 6-րդ կետի դրույթները չեն խախտում մայրցամաքային ելուստի նկատմամբ ափամերձ պետությունների իրավունքները, ինչպես դրանք սահմանված են 77-րդ հոդվածում:

8. Ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը, ինչի մասին խոսվում է սույն հոդվածում, չպետք է անհիմն խոչընդոտներ ստեղծի ափամերձ պետությունների կողմից սույն Կոնվենցիայում նախատեսված իրենց ինքնիշխան իրավունքների ու իրավազորության հիման վրա իրականացվող գործունեության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։