Հոդված 253
Հոդված 253
Ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կասեցումը կամ դադարեցումը
1. Ափամերձ պետությունն իրավունք ունի պահանջելու՝ կասեցնել իր բացառիկ տնտեսական գոտու սահմաններում կամ իր մայրցամաքային ելուստի վրա ծովային գիտական հետազոտությունների հետ կապված ցանկացած գործունեություն, եթե.
ա) հետազոտական գործունեությունը չի իրականացվում հաղորդված տեղեկատվությանը համապատասխան, ինչպես դա նախատեսված է 248-րդ հոդվածում, որի հիման վրա ափամերձ պետությունը տվել է իր համաձայնությունը, կամ
բ) հետազոտական ծրագիրն իրականացնող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը չեն պահպանում 249-րդ հոդվածի՝ ծովային գիտահետազոտական ծրագրի հետ կապված՝ ափամերձ պետության իրավունքների վերաբերյալ դրույթները:
2. Ափամերձ պետությունն իրավունք ունի պահանջելու՝ դադարեցնել ծովային գիտական հետազոտությունների հետ կապված ցանկացած գործունեությունը 248-րդ հոդվածի դրույթների չպահպանման դեպքում, որը հավասարազոր է հետազոտական ծրագրում կամ հետազոտական գործունեության մեջ լուրջ փոփոխության:
3. Ափամերձ պետությունը կարող է նաև պահանջել՝ դադարեցնել ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը, եթե 1-ին կետում նկարագրված ցանկացած իրավիճակ չի շտկվել ողջամիտ ժամկետի ընթացքում:
4. Կասեցման կամ դադարեցման մասին որոշման վերաբերյալ ափամերձ պետությունից ծանուցում ստանալուց հետո ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող պետությունները կամ իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է դադարեցնեն այդ ծանուցման մեջ նշված հետազոտական գործունեությունը:
5. 1-ին կետի համաձայն կասեցման մասին որոշումը վերացվում է ափամերձ պետության կողմից, և ծովային գիտական հետազոտությունների հետ կապված գործունեությունը կարող է շարունակվել, երբ հետազոտություններ կատարող պետությունը կամ իրավասու միջազգային կազմակերպությունը կատարում է 248-րդ ու 249-րդ հոդվածներում նշված պայմանները: