Հոդված 297
Հոդված 297
2-րդ Բաժնի կիրառման սահմանափակումները
1. Ափամերձ պետության կողմից սույն Կոնվենցիայում նախատեսված իր ինքնիշխան իրավունքների կամ իրավազորության իրականացման կապակցությամբ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերի նկատմամբ 2-րդ բաժնում նախատեսված ընթացակարգերը կիրառվում են հետևյալ դեպքերում.
ա) երբ հայտարարվում է, որ ափամերձ պետությունը խախտել է սույն Կոնվենցիան 58-րդ հոդվածում նշված՝ նավագնացության, թռիչքների կամ ստորջրյա մալուխների և խողովակաշարերի անցկացման ազատությունների ու իրավունքների կամ, միջազգային իրավունքի տեսակետից, ծովի օգտագործման իրավաչափ այլ տեսակների մասով,
բ) երբ հայտարարվում է, որ պետությունը, իրականացնելով այդ ազատությունները և իրավունքները կամ ծովի օգտագործման այդ տեսակները, խախտել է սույն Կոնվենցիան, սույն Կոնվենցիային և դրա հետ համատեղելի միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան՝ ափամերձ պետության կողմից ընդունված օրենքները կամ կանոնները, կամ
գ) երբ հայտարարվում է, որ ափամերձ պետությունը խախտել է ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման կոնկրետ միջազգային նորմերն ու չափանիշները, որոնք կիրառելի են տվյալ ափամերձ պետության նկատմամբ, և որոնք սահմանված են սույն Կոնվենցիայով կամ սույն Կոնվենցիային համապատասխան իրավասու միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով:
2. ա) Ծովային գիտական հետազոտությունների կապակցությամբ սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են կարգավորման 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, սակայն, որ ափամերձ պետությունը պարտավոր չէ համաձայնել այդպիսի կարգավորման հանձնել ցանկացած վեճ, որը բխում է.
i) ափամերձ պետության կողմից 246-րդ հոդվածին համապատասխան որևէ իրավունքի կամ հայեցողական լիազորության իրականացման փաստից, կամ
ii) ափամերձ պետության՝ 253-րդ հոդվածին համապատասխան հետազոտական ծրագիրը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումից:
բ) Վեճը, որն առաջանում է հետազոտություններ իրականացնող պետության պնդումից այն մասին, որ որևէ կոնկրետ ծրագրի վերաբերյալ ափամերձ պետությունը սույն Կոնվենցիայի հետ համատեղելի ձևով չի իրականացնում 246-րդ և 253-րդ հոդվածների համաձայն իր իրավունքները, որևէ կողմի խնդրանքով հանձնվում է հաշտեցման ընթացակարգով քննության՝ 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, որ հաշտեցման հանձնաժողովը կասկածի տակ չի դնում ոչ որոշակի շրջաններ հայտարարելու ափամերձ պետության հայեցողական լիազորությունը, ինչպես այդ մասին նշվում է 246-րդ հոդվածի 6-րդ կետում, ոչ 246-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան համաձայնությունը մերժելու նրա հայեցողական լիազորությունը:
3. ա) Սույն Կոնվենցիայի՝ ձկնորսությանը վերաբերող դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են կարգավորման 2-րդ բաժնին համապատասխան՝ պայմանով, սակայն, որ ափամերձ պետությունը պարտավոր չէ համաձայնել այդպիսի կարգավորման հանձնել ցանկացած վեճ, որը վերաբերում է բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներին կամ դրանց իրականացմանը, ներառյալ թույլատրելի որսաքանակը, իր՝ որսի հնարավորությունները որոշելու, այլ պետություններին մնացորդ հատկացնելու և իր օրենքներում ու կանոններում կենդանի պաշարների պահպանման և դրանց կառավարման համապատասխան կարգ ու պայմաններ սահմանելու վերաբերյալ հայեցողական լիազորությունները:
բ) Եթե սույն մասի 1-ին բաժնի կիրառման արդյունքում վեճը չի կարգավորվել, այն, կողմերից որևէ մեկի պահանջով, հանձնվում է կարգավորման հաշտեցման ընթացակարգով՝ 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնին համապատասխան, երբ հայտարարվում է, որ՝
i) ափամերձ պետությունը ակնհայտորեն չի կատարել պահպանման ու կառավարման անհրաժեշտ միջոցներով ապահովելու իր պարտականությունը, որպեսզի բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների վիճակը չենթարկվի լուրջ վտանգի,
ii) ափամերձ պետությունը, չնայած մյուս պետության խնդրանքին, կամայականորեն հրաժարվել է սահմանել թույլատրելի որսաքանակը և որսի հնարավորությունները այն պաշարներից, որոնց որսի հարցում շահագրգռված է այդ մյուս պետությունը, կամ
iii) ափամերձ պետությունը կամայականորեն հրաժարվել է ցանկացած պետության, 62-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների հիման վրա և սույն Կոնվենցիային համապատասխան, այդ ափամերձ պետության կողմից սահմանված կարգի ու պայմանների համաձայն՝ հատկացնել ամբողջ մնացորդը կամ դրա մի մասը, որի առկայության մասին նա հայտարարել է:
գ) Բոլոր դեպքերում հաշտեցման հանձնաժողովը չի փոխարինում ափամերձ պետության հայեցողական լիազորությունը իր հայեցողական լիազորությամբ:
դ) Հաշտեցման հանձնաժողովի զեկույցը ուղարկվում է համապատասխան միջազգային կազմակերպություններին:
ե) 69-րդ և 70-րդ հոդվածներին համապատասխան համաձայնագրերի շուրջ բանակցությունների ժամանակ մասնակից պետությունները, եթե նրանք այլ համաձայնություն չեն կայացրել, պետք է դրանց մեջ ներառեն դրույթ այն միջոցների մասին, որպիսիք իրենք կձեռնարկեն, որպեսզի նվազագույնի հասցնեն այդ համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ տարաձայնությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես իրենք պետք է գործեն, եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ առաջանան: