Հոդված 39
Հոդված 39
Նավերի և օդանավերի պարտականությունները տարանցիկ անցման ժամանակ
1. Տարանցիկ անցման իրավունքն իրականացնելիս նավերը և օդանավերը պետք է`
ա) առանց հապաղելու` անցնեն նեղուցով կամ նրա վրայով,
բ) ձեռնպահ մնան ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառումից նեղուցին սահմանակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ որևէ այլ կերպ` ի խախտումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների,
գ) ձեռնպահ մնան ցանկացած գործունեությունից` բացի այն գործունեությունից, որը հատուկ է անընդհատ և արագ տարանցման սահմանված կարգին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործունեությունը պայմանավորված է անհաղթահարելի ուժի կամ աղետի հանգամանքներով,
դ) պահպանեն սույն մասի այլ համապատասխան դրույթները:
2. Տարանցիկ անցման ժամանակ նավերը պետք է`
ա) պահպանեն ծովում անվտանգության վերաբերյալ հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պրակտիկան, ներառյալ ծովում բախումների կանխման վերաբերյալ միջազգային կանոնները,
բ) պահպանեն նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման վերաբերյալ հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պարկտիկան:
3. Տարանցիկ թռիչքի ժամանակ օդանավերը պետք է`
ա) պահպանեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված թռիչքների կանոնները այնքանով, որքանով դրանք վերաբերում են քաղաքացիական ավիացիային. պետական օդանավերը, որպես կանոն, կպահպանեն անվտանգության այդպիսի միջոցները և մշտապես կշահագործվեն` պատշաճ կերպով հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը,
բ) մշտապես վերահսկեն միջազգային կարգով նշանակված օդային երթևեկության վերահսկման իրավասու մարմնի կողմից հատկացված ռադիոհաճախականությունները կամ աղետի մասին ազդանշաններ փոխանցելու համար հատկացված համապատասխան միջազգային ռադիոհաճախականությունները: