Անցնել բովանդակությանը

Հոդված 53

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 53

Ծովային միջանցքներով արշիպելագային անցման իրավունք

1. Արշիպելագ պետությունը կարող է սահմանել ծովային միջանցքներ և դրանց վրա գտնվող օդային միջանցքներ, որոնք կիրառելի են իր արշիպելագային ջրերով և հարող տարածքային ծովով ու դրանց վրայով օտարերկրյա նավերի և օդանավերի անընդհատ ու արագ անցման և թռիչքի համար:

2. Բոլոր նավերն ու օդանավերն օգտվում են այդ ծովային միջանցքներով ու դրանց վրայի օդային միջանցքներով արշիպելագային անցման ու թռիչքի իրավունքից:

3. Ծովային միջանցքներով արշիպելագային անցումը նշանակում է` սույն Կոնվենցիային համապատասխան` բնականոն նավագնացության և թռիչքների իրավունքների իրականացում` բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մի մասից բաց ծովի կամ բացառիկ տնտեսական գոտու մյուս մաս անընդհատ, արագ ու անարգել տարանցման նպատակով:

4. Այդ ծովային և օդային միջանցքները հատում են արշիպելագային ջրերը և հարող տարածքային ծովը և ներառում են բոլոր սովորական անցման ուղիները, որոնք օգտագործվում են որպես արշիպելագային ջրերում միջազգային նավագնացության կամ դրանց վրայով թռիչքի համար օգտագործվող ուղիներ, իսկ այդ ուղիների սահմաններում, նավերի հետ կապված, բոլոր սովորական նավարկման ուղիները` պայմանով, որ անհրաժեշտ չէ կրկնօրինակել մուտքի և ելքի միևնույն կետերի միջև հավասարապես հարմար ուղիները:

5. Այդ ծովային և օդային միջանցքները որոշվում են անցման ուղիների սկզբնակետերից մինչև դրանց վերջնակետերը տարվող չընդհատվող առանցքային գծերի շարքով: Ծովային միջանցքներով արշիպելագային անցման ժամանակ նավերն ու օդանավերը չպետք է որևէ կողմ շեղվեն այդ առանցքային գծերից ավելի, քան 25 ծովային մղոնի չափով` պայմանով, որ այդ նավերն ու օդանավերը չպետք է ափերին մոտենան ավելի, քան ծովային միջանցքներին սահամանկից կղզիների վրա գտնվող մոտակա կետերի միջև տարածության 10 տոկոսի չափով:

6. Սույն հոդվածին համապատասխան ծովային միջանցքներ սահմանող արշիպելագ պետությունը կարող է նաև նշանակել երթևեկության տարանջատման սխեմաներ` այդ ծովային միջանցքներում նավարկման նեղ ուղիներով նավերի անվտանգ անցման համար:

7. Արշիպելագ պետությունը, ելնելով որոշակի հանգամանքներից և այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելուց հետո, կարող է փոխարինել մինչ այդ իր կողմից սահմանված կամ նշանակված ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները այլ ծովային միջանցքներով կամ երթևեկության տարանջատման սխեմաներով:

8. Այդ ծովային միջանցքները կամ երթևեկության տարանջատման սխեմաները պետք է համապատասխանեն հանրաճանաչ միջազգային կանոններին:

9. Ծովային միջանցքներ սահմանելիս կամ դրանք փոխարինելիս կամ երթևեկության տարանջատման սխեմաներ նշանակելիս կամ դրանք փոխարինելիս արշիպելագ պետությունը պետք է առաջարկություններ ներկայացնի իրավասու միջազգային կազմակերպությանը` դրանք հաստատելու նպատակով: Այդ կազմակերպությունը կարող է հաստատել միայն այն ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները, որոնք կարող են համաձայնեցվել արշիպելագ պետության հետ, որից հետո արշիպելագ պետությունը կարող է սահմանել, նշանակել կամ փոխարինել դրանք:

10. Արշիպելագ պետությունը պետք է հստակ նշի իր կողմից սահմանված կամ նշանակված ծովային միջանցքների և երթևեկության տարանջատման սխեմաների առանցքային գծերը պատշաճ կերպով հրապարակվող ծովային քարտեզների վրա:

11. Ծովային միջանցքներով արշիպելագային անցման ժամանակ նավերը պետք է պահպանեն սույն հոդվածին համապատասխան սահմանված ծովային միջանցքները և երթևեկության տարանջատման սխեմաները:

12. Եթե արշիպելագ պետությունը չի սահմանում ծովային կամ օդային միջանցքներ, ծովային միջանցքներով արշիպելագային անցման իրավունքը կարող է իրականացվել միջազգային նավագնացության համար սովորաբար օգտագործվող ուղիներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։