Անցնել բովանդակությանը

Հոդված 60

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60

Արհեստական կղզիներ, սարքեր և կառույցներ բացառիկ տնտեսական գոտում

1. Բացառիկ տնտեսական գոտում ափամերձ պետությունն ունի բացառիկ իրավունք` կառուցել, ինչպես նաև թույլատրել ու կարգավորել`

ա) արհեստական կղզիների,

բ) 56-րդ հոդվածում նախատեսված նպատակների և այլ տնտեսական նպատակների համար սարքերի ու կառույցների,

գ) այդ գոտում ափամերձ պետության իրավունքների իրականացմանը խոչընդոտող սարքերի ու կառույցների ստեղծումը, շահագործումը և օգտագործումը:

2. Ափամերձ պետությունն ունի բացառիկ իրավազորություն այդ արհեստական կղզիների, սարքերի ու կառույցների նկատմամբ, ներառյալ իրավազորությունը մաքսային, գանձապետական (ֆիսկալ), սանիտարական և ներգաղթային, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող օրենքների ու կանոնների վերաբերյալ:

3. Այդ արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների ստեղծման մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի, իսկ դրանց առկայության մասին վկայող մշտական նախազգուշական միջոցները պետք է պահվեն սարքին վիճակում: Նավագնացության անվտանգության ապահովման նպատակով ցանկացած լքյալ կամ այլևս չօգտագործվող սարք կամ կառույց պետք է տեղահանվի՝ հաշվի առնելով այդ կապակցությամբ իրավասու միջազգային կազմակերպության կողմից սահմանված հանրաճանաչ միջազգային չափանիշները: Այդ սարքերի կամ կառույցների տեղահանման ժամանակ պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն նաև ձկնորսության, ծովային միջավայրի պաշտպանության շահերը, այլ պետությունների իրավունքներն ու պարտականությունները: Ամբողջովին չտեղահանված սարքերի կամ կառույցների խորության, տեղադրության և չափերի մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի:

4. Այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ափամերձ պետությունը կարող է այդ արհեստական կղզիների, սարքերի և կառույցների շուրջ ստեղծել ողջամիտ անվտանգության գոտիներ, որտեղ նա կարող է ձեռնարկել պատշաճ միջոցներ ինչպես նավագնացության, այնպես էլ արհեստական կղզիների, սարքերի և կառույցների անվտանգության ապահովման համար:

5. Անվտանգության գոտիների լայնությունը որոշվում է ափամերձ պետության կողմից՝ հաշվի առնելով կիրառելի միջազգային չափանիշները: Այդ գոտիները ստեղծվում են այն չափով, որ չափով անհրաժեշտ է՝ ելնելով արհեստական կղզիների, սարքերի կամ կառույցների բնույթից ու գործառույթներից, և չպետք է տարածվեն դրանց շուրջ 500 մետրից ավելի՝ հաշված նրանց արտաքին եզրի յուրաքանչյուր կետից` բացառությամբ այն դեպքերի, երբ դա թույլատրվում է հանրաճանաչ միջազգային չափանիշներով կամ հանձնարարված է իրավասու միջազգային կազմակերպության կողմից: Անվտանգության գոտիների երկարության մասին պետք է պատշաճ կերպով հայտարարվի:

6. Բոլոր նավերը պետք է հարգեն այդ անվտանգության գոիտները և պահպանեն արհեստական կղզիների, սարքերի, կառույցների և անվտանգության գոտիների մոտակայքում նավագնացության վերաբերյալ հանրաճանաչ միջազգային չափանիշները:

7. Արհեստական կղզիներ, սարքեր ու կառույցներ և նրանց շուրջ անվտանգության գոտիներ չեն կարող ստեղծվել, եթե դա կարող է խոչընդոտներ առաջացնել միջազգային նավագնացության համար էական նշանակություն ունեցող ճանաչված ծովային ուղիների օգտագործման համար:

8. Արհեստական կղզիները, սարքերը և կառույցները չունեն կղզիների կարգավիճակ: Նրանք չունեն իրենց տարածքային ծովը, և նրանց առկայությունը չի ազդում տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու կամ մայրցամաքային ելուստի սահմանների որոշման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։