Հոդված 69
Հոդված 69
Դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքը
1. Դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն արդարացիորեն մասնակցել նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների թույլատրելի որսաքանակի մնացորդի համապատասխան մասի շահագործմանը՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ պետությունների` դրան առնչվող տնտեսական և աշխարհագրական հանգամանքները և սույն հոդվածի և 61-րդ և 62-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
2. Այդպիսի մասնակցության պայմաններն ու կարգը սահմանվում են շահագրգիռ պետությունների կողմից` երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով՝ հաշվի առնելով inter alia.
ա) ափամերձ պետության ձկնորսական համայնքների և ձկնային արդյունաբերության համար վնասակար հետևանքներից խուսափելու անհրաժեշտությունը,
բ) այն չափը, որքանով դեպի ծով ելք չունեցող պետությունը սույն հոդվածի դրույթներին համապատասխան գործող երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա մասնակցում կամ իրավունք ունի մասնակցելու այլ ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը,
գ) այն չափը, որքանով այլ` դեպի ծով ելք չունեցող պետությունները և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունները մասնակցում են ափամերձ պետության բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների շահագործմանը և ցանկացած առանձին ափամերձ պետության կամ նրա մի մասի հատուկ ծանրաբեռնումից խուսափելու՝ դրանից բխող անհրաժեշտությանը,
դ) համապատասխան պետությունների բնակչության սննդի պահանջմունքները:
3. Եթե ափամերձ պետության որսի հնարավորությունները թույլ են տալիս նրան որսալ իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարների ամբողջ թույլատրելի որսաքանակը, այդ ափամերձ պետությունը և մյուս շահագրգիռ պետությունները պետք է երկկողմ, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային հիմքի վրա համագործակցեն արդարացի պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, որոնք այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին հնարավորություն են տալիս` մասնակցելու այդ ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործմանը այնպես, ինչպես դա հնարավոր կլինի տվյալ հանգամանքներում և այնպիսի պայմաններով, որոնք բավարարում են բոլոր կողմերին: Սույն դրույթի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև 2-րդ կետում նշված գործոնները:
4. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան` դեպի ծով ելք չունեցող զարգացած պետությունները իրավունք ունեն մասնակցելու միայն նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի զարգացած ափամերձ պետությունների բացառիկ տնտեսական գոտիներում կենդանի պաշարների շահագոծմանը՝ հաշվի առնելով այն չափը, որքանով ափամերձ պետությունը, հնարավորություն տալով այլ պետություններին շահագործել իր բացառիկ տնտեսական գոտու կենդանի պաշարները, հաշվի առնել ձկնորսական համայնքների համար վնասակար հետևանքները և այն պետությունների տնտեսության բնագավառում խախտումները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը, որոնց քաղաքացիները սովորաբար տվյալ գոտում զբաղվում են ձկնորսությամբ:
5. Վերը շարադրված դրույթները չեն խախտում այն ենթատարածաշրջաններում կամ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածությունները, որտեղ ափամերձ պետությունները կարող են նույն ենթատարածաշրջանի կամ տարածաշրջանի` դեպի ծով ելք չունեցող պետություններին տրամադրել բացառիկ տնտեսական գոտիների կենդանի պաշարների շահագործման հավասար կամ արտոնյալ իրավունքներ: