Հոդված 76
Հոդված 76
Մայրցամաքային ելուստի սահմանումը
1. Ափամերձ պետության մայրցամաքային ելուստը ներառում է ծովի հատակը և ստորջրյա ջրերի ընդերքը, որոնք տարածվում են նրա տարածքային ծովի սահմաններից դուրս՝ պետության ցամաքային տարածքի բնական շարունակության ամբողջ երկայնքով՝ մինչև մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը կամ 200 ծովային մղոն հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, երբ մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը չի տարածվում այդպիսի հեռավորության վրա:
2. Ափամերձ պետության մայրցամաքային ելուստը չպետք է տարածվի 4-ից 6-րդ կետերում նախատեսված սահմաններից դուրս:
3. Մայրցամաքի ստորջրյա ծայրամասը ներառում է ափամերձ պետության ցամաքային տարածքի ստորջրյա շարունակությունը և բաղկացած է ծովի հատակից ու ելուստի ընդերքից, լանջից և վերելքից: Այն չի ներառում օվկիանոսի հատակը մեծ խորության վրա, այդ թվում՝ նրա օվկիանոսային լեռնաշղթաները կամ ընդերքը:
4. ա) Սույն Կոնվենցիայի նպատակների համար ափամերձ պետությունը պետք է սահմանի մայրցամաքի ստորջրյա ծայրամասի արտաքին սահմանը բոլոր այն դեպքերում, երբ այդ ծայրամասը տարածվում է 200 ծովային մղոնից ավելի հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը.
i) 7-րդ կետին համապատասխան անցկացված գծով՝ առավել հեռու գտնվող ամրագրված կետերից հաշվարկելու միջոցով, որոնցից յուրաքանչյուրի մեջ նստվածքային հանքատեսակների հաստությունը կազմում է այդ կետից մինչև մայրցամաքային լանջի ստորոտը ամենակարճ տարածությամբ առնվազն 1 տոկոս, կամ
ii) 7-րդ կետին համապատասխան անցկացված գծով՝ ամրագրված կետերից հաշվարկելու միջոցով, որոնք մայրցամաքային լանջի ստորոտից գտնվում են ոչ ավելի, քան 60 ծովային մղոն հեռավորության վրա:
բ) Եթե հակառակն ապացուցող փաստեր չկան, մայրցամաքային լանջի ստորոտը պետք է որոշվի որպես նրա հիմքում թեքության առավելագույն փոփոխության կետ:
5. Այն ամրագրված կետերը, որոնք կազմում են 4-րդ կետի «ա» (i) և (ii) ենթակետին համապատասխան անցկացված՝ ծովի հատակին մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների գիծը, պետք է գտնվեն ոչ ավելի, քան 350 ծովային մղոն հեռավորության վրա այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, կամ ոչ ավելի, քան 100 ծովային մղոն հեռավորության վրա 2500 մետրանոց իզոբատից, որն իրենից ներկայացնում է 2500 մետրանոց խորությունները միացնող գիծ:
6. Չնայած 5-րդ կետի դրույթներին` ստորջրյա լեռնաշղթաների վրա մայրցամաքային ելուստի արտաքին սահմանները չպետք է անցնեն 350 ծովային մղոնից այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը: Սույն կետը չի կիրառվում ստորջրյա բարձունքների վրա, որոնք հանդիսանում են մայրցամաքային ծայրամասի բնական բաղադրամասերը, ինչպես նրա բարձրահարթերը, բարձրությունները, փքվածությունները, խրուտները և սանդղավանդները:
7. Ափամերձ պետությունը պետք է սահմանի իր մայրցամաքային ելուստի սահմանները այնտեղ, որտեղ ելուստը տարածվում է ավելի, քան 200 ծովային մղոն այն ելակետային գծերից, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը ուղիղ գծերով, որոնց երկարությունը չի գերազանցում 60 ծովային մղոնը, և որոնք միացնում են լայնության ու երկայնության կոորդինատների միջոցով որոշվող ամրագրված կետերը:
8. Այն ելակետային գծերից հաշված, որոնցից հաշվարկվում է տարածքային ծովի լայնությունը, 200 ծովային մղոնի սահմաններից դուրս մայրցամաքային ելուստի սահմանների մասին տեղեկությունները պետք է համապատասխան ափամերձ պետության կողմից ներկայացվեն Մայրցամաքային ելուստի սահմանների հանձնաժողով, որը ստեղծվում է 2-րդ Հավելվածին համապատասխան՝ արդարացի աշխարհագրական ներկայացուցչության հիման վրա: Հանձնաժողովը պետք է ափամերձ պետություններին հանձնարարականներ տա իրենց մայրցամաքային ելուստի արտաքին սահմանների որոշման հետ կապված հարցերով: Ափամերձ պետության կողմի նշված հանձնարարականների հիման վրա որոշված ելուստի սահմանները վերջնական են և պարտադիր բոլորի համար:
9. Ափամերձ պետությունը պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնի քարտեզներ և համապատասխան տեղեկություններ, ներառյալ երկրաբաշխական տվյալները, որոնք մշտապես նկարագրում են իր մայրցամաքային ելուստի արտաքին սահմանը: Գլխավոր քարտուղարը պետք է պատշաճ կերպով դրանք հրապարակի:
10. Սույն հոդվածը չի շոշափում հակադիր կամ հարակից ափեր ունեցող պետությունների միջև մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի հարցը: