Հոդված 94
Հոդված 94
Դրոշի պետության պարտականությունները
1. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետք է արդյունավետ իրականացնի իր իրավազորությունը և վերահսկողությունը վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերում:
2. Յուրաքանչյուր պետություն, մասնավորապես, պետք է.
ա) վարի նավերի գրանցամատյան` նշելով իր դրոշի ներքո նավարկող նավերի անունները և նրանց տվյալները` բացառությամբ այն նավերի, որոնց վրա չեն տարածվում հանրաճանաչ միջազգային կանոնները նրանց փոքր չափերի հետևանքով, և
բ) իր ներքին իրավունքին համապատասխան` ստանձնի իր դրոշի ներքո նավարկող յուրաքանչյուր նավի և նրա նավապետի, սպաների ու անձնակազմի նկատմամբ իրավազորությունը տվյալ նավի հետ կապված վարչական, տեխնիկական և սոցիալական հարցերի վերաբերյալ:
3. Յուրաքանչյուր պետություն իր դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պետք է ձեռնարկի անհրաժեշտ այնպիսի միջոցներ ծովում անվտանգության ապահովման համար, որոնք inter alia վերաբերում են.
ա) նավերի կառուցվածքին, սարքավորումներին և նավարկության համար պիտանի լինելուն,
բ) նավերի անձնակազմերի համալրմանը, աշխատանքի պայմաններին և ուսուցմանը` հաշվի առնելով կիրառելի միջազգային ակտերը,
գ) ազդանշանների օգտագործմանը, կապ պաշտպանելուն և բախումների կանխարգելմանը:
4. Այդ միջոցների շարքին են դասվում նրանք, որոնք պետք է ապահովեն, որ`
ա) յուրաքանչյուր նավ գրանցումից առաջ, իսկ հետագայում որոշակի ժամանակահատվածներից հետո ստուգվի որակյալ նավի տեսուչի կողմից և ունենա այնպիսի քարտեզներ, ծովային հրատարակումներ և նավագնացության սարքավորումներ ու սարքեր, որոնք անհրաժեշտ են նավի անվտանգ նավարկության համար,
բ) յուրաքանչյուր նավ ղեկավարվի նավավարության, նավիգացիայի, կապի և նավի մեքենաների ու սարքավորումների բնագավառում համապատասխան որակավորում ունեցող նավապետի ու սպաների կողմից, իսկ անձնակազմն իր որակավորումով և քանակությամբ համապատասխանի նավի տեսակին, չափերին, մեխանիզմներին և սարքավորումներին,
գ) նավապետը, սպաները և, անհրաժեշտ մակարդակով, անձնակազմը լիովին տեղեկացված լինեն ծովում մարդկային կյանքի պաշտպանության, բախումների կանխման, ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման և ռադիոյով կապի պահպանման հարցերով կիրառելի միջազգային կանոններին և պահպանեն դրանք:
5. Ձեռնարկելով 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված միջոցները` յուրաքանչյուր պետություն պարտավոր է պահպանել հանրաճանաչ միջազգային կանոնները, ընթացակարգերը և պրակտիկան ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրանց պահպանումն ապահովելու համար:
6. Այն պետությունը, որն ակնհայտ հիմքեր ունի ենթադրելու, որ որևէ նավի նկատմամբ պատշաճ իրավազորություն ու վերահսկողություն չի իրականացվում, կարող է այդ փաստերի մասին տեղեկացնել դրոշի պետությանը: Այդպիսի հաղորդում ստանալուց հետո դրոշի պետությունը պարտավոր է քննել այդ հարցը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել վիճակը շտկելու համար անհրաժեշտ ցանկացած միջոց:
7. Յուրաքանչյուր պետություն համապատասխան որակավորում ունեցող անձի կամ անձանց միջոցով կամ նրանց ղեկավարության ներքո պետք է կազմակերպի քննություն իր դրոշի ներքո նավարկող նավի մասնակցությամբ բաց ծովում յուրաքանչյուր ծովային վթարի կամ նավավարական պատահարի կապակցությամբ, որն առաջացրել է այլ պետության քաղաքացիների մահ կամ նրանց պատճառել է լուրջ վնասվածքներ կամ լուրջ վնաս է պատճառել այլ պետության նավերին կամ սարքերին կամ ծովային միջավայրին: Դրոշի պետությունը և այլ պետությունը պետք է համագործակցեն վերջինիս կողմից ցանկացած այդպիսի ծովային վթարի կամ նավավարական պատահարի կապակցությամբ անցկացվող ցանկացած քննության առիթով: