Հոդված 258. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՎԱՏՆԵԼԸ ԿԱՄ ԿՈՐՑՆԵԼԸ
Հոդված 258. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՎԱՏՆԵԼԸ ԿԱՄ ԿՈՐՑՆԵԼԸ
ա) Ժամկետային ծառայության զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար նրան տրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները վաճառելը, գրավ դնելը կամ օգտագործման համար ուրիշին հանձնելը (վատնում), ինչպես նաև այդ առարկաները կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`
պատժվում են կարգապահական գումարտակ ուղարկելով երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:
բ) Նույն արարքները մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում են ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
դ) Ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ռազմամթերքը, փոխադրական միջոցները, տեխնիկական մատակարարման առարկաները, կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելը` դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
ե) սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կողմից դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով առաջացել է այդպիսի միջոցների և գույքի կորուստ կամ փչացում`
պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով.
զ) ծառայության մեջ օգտագործելու համար ուրիշին վստահված և սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելն այն զինծառայողի կողմից, որին դրանք անցել կամ հանձնվել են սահմանված կարգի խախտումով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով.
է) Այս հոդվածի «դ» կետով նախատեսված արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94, 23.06.97, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)