Հոդված 277. ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ և ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՆՇԱՆՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԿՐԵԼԸ և ԴՐԱՆՔ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ
Հոդված 277. ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ և ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՆՇԱՆՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԿՐԵԼԸ և ԴՐԱՆՔ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ
Պատերազմական գործողությունների շրջանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի նշաններ կրելը դրա իրավունքը չունեցող անձանց կողմից, այլև պատերազմի ժամանակ Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի դրոշակները կամ նշանները, կամ սանիտարական էվակուացիայի փոխադրական միջոցներին վերապահված գույները չարաշահելը`
պատժվում են ազատազրկմամբ երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի 31 հոդվածի
Ց Ո Ւ Ց Ա Կ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԵՎ ՆՐԱ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ
Բռնագրավման ենթակա չեն անձնական սեփականության իրավունքով դատապարտյալին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժինը կազմող գույքի հետևյալ տեսակներն ու առարկաները, որոնք անհրաժեշտ են դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար`
1) Այն անձանց մեկ բնակելի տունը` իր օժանդակ տնտեսական կառուցումներով, կամ նրա առանձին մասերը, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, եթե դատապարտյալը, նրա ընտանիքը և նրա խնամքի տակ գտնվող անձինք մշտապես բնակվում են այդ տանը:
2) Այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` միակ կովը, կով չունենալու դեպքում` միակ հորթը. այն տնտեսություններում որոնք ոչ կով ունեն, ոչ հորթ` միակ այծը, ոչխարը կամ խոզը. կոլտնտեսականների` բացի դրանից, ոչխարները, այծերը և խոզերը, եթե դրանց քանակը չի անցնում կոլտնտեսության կանոնադրությամբ կոլտնտեսային ծխի համար սահմանված նորմայի կեսից, ինչպես նաև ընտանի թռչունները:
3) Մինչև նոր կեր հավաքելը կամ մինչև արոտի դուրս բերելը անասունների համար անհրաժեշտ կերը (եթե անասունները ենթակա չեն բռնագրավման):
4) Այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն:
5) Դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ տնային գործածության հետևյալ առարկաները, կահույքը, հագուստեղենը`
ա) հագուստեղեն` ամեն մի անձի համար` մեկ ամառային կամ աշնանային վերարկու, մեկ ձմեռային վերարկու կամ քուրք, մեկ ձմեռային կոստյում ( կանանց համար երկու ձմեռային զգեստ), մեկ ամառային կոստյում (կանանց համար երկու ամառային զգեստ), գլխարկներ` յուրաքանչյուր սեզոնի համար մեկ հատ: Բացի դրանից, կանանց համար երկու ամառային գլխաշոր և մեկ տաք գլխաշոր (կամ շալ), երկար ժամանակ գործածության մեջ եղած և արժեք չներկայացնող այլ հագուստեղեն և գլխարկներ.
բ) գործածության մեջ գտնվող կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, խոհանոցային ու ճաշասենյակի կահ-կարասին (բացառությամբ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից, այլև այն առարկաների, որոնք գեղարվեստական արժեք ունեն).
գ) կահույք` յուրաքանչյուր շնչին մեկական մահճակալ և աթոռ, ընտանիքին մեկ սեղան, մեկ պահարան և մեկ սնդուկ. դ) մանկական բոլոր պարագաները:
6) Դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար մինչև նոր բերքն անհրաժեշտ քանակի սննդամթերքը, եթե պարտապանի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ մնացած դեպքերում` սննդամթերքը և փողը` դատապարտյալի մեկ ամսվա աշխատավարձի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից: Եթե դատավճռի կայացման պահին դատապարտյալը չի աշխատել, սննդամթերքն և դրամը ենթակա չեն բռնագրավման դատապարտյալի ընտանիքի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար առնվազն Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի ընդհանուր գումարով:
7) Ընտանիքի կերակուրը պատրաստելու և ընտանիքի բնակելի շենքը ջեռուցման ամբողջ սեզոնում տաքացնելու համար անհրաժեշտ վառելիքը:
8) Դատապարտյալի պրոֆեսիոնալ զբաղմունքը շարունակելու համար անհրաժեշտ ինվենտարը (այդ թվում` ձեռնարկներն ու գրքերը), բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանի դատավճռով դատապարտյալը զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ երբ ինվենտարը նրա կողմից օգտագործվել է ապօրինաբար արհեստով զբաղվելու համար:
9) Կոոպերատիվ կազմակերպություններում ունեցած փայավճարները, եթե դատապարտյալը չի հեռացվում կոոպերատիվի անդամների կազմից:
10) Կոլտնտեսային ծխի կամ գյուղատնտեսության մեջ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների տնտեսության ընդհանուր գույքի մեջ դատապարտյալի ունեցած բաժնի բռնագրավման դեպքում այդ բաժնի չափը որոշվում է տվյալ գույքից դուրս գալով` բնակելի տունը, տնտեսական շինությունների հետ միասին, որտեղ ապրում են ծխի անդամները, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, կամ միակ կովը, իսկ կով չլինելու դեպքում` միակ հորթը ( իսկ կոլտնտեսային ծխում նաև ոչխարները, այծերը, խոզերը, եթե դրանց քանակը չի անցնում կոլտնտեսային կանոնադրությամբ սահմանված նորմայի կեսից, տնային թռչունները) և մնացած անասունների համար անհրաժեշտ կերը:
(փոփ. 09.06.97)