Հոդված 42.1. ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Հոդված 42.1. ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
Առաջին անգամ մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտվող անձին պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձն ու գործի մյուս հանգամանքները, ինչպես նաև առանց հասարակությունից մեկուսացման նրան ուղղելու և վերադաստիարակելու հնարավորությունը, կարող է այդպիսի անձի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգել մեկից մինչև երկու տարի ժամանակով: Այդպիսի դեպքերում դատարանը կարող է հետաձգել նաև լրացուցիչ պատիժների կատարումը:
Դատավճռի կատարման հետաձգում չի կիրառվում առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդված «գ» կետ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու (105 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի չորրորդ մաս) համար դատապարտվող, կատարած հանցագործության համար պատժի հետ մեկտեղ ալկոհոլիզմից կամ թմրամոլությունից հարկադրական բուժման միջոցներ նշանակված, ինչպես նաև վեներական հիվանդությունից բուժվելու լրիվ կուրսը չանցած անձանց նկատմամբ:
Դատավճռի կատարումը հետաձգվելիս դատարանը կարող է դատապարտյալին պարտավորեցնել որոշակի ժամանակամիջոցում վերացնելու պատճառած վնասը, ընդունվելու աշխատանքի կամ սովորելու, առանց ներքին գործերի մարմնի համաձայնության չփոխելու բնակության վայրը, այդ մարմիններին տեղեկացնելու աշխատանքի կամ ուսման վայրը փոխելու մասին, գրանցման համար պարբերաբար ներկայանալու ներքին գործերի մարմիններ: Դատարանը կարող է դատապարտյալին պարտավորեցնել չհաճախելու որոշակի վայրեր, չմեկնելու մշտական բնակավայրից առանց ներքին գործերի մարմնին տեղյակ պահելու, սպիրտային խմիչքների չարաշահման դեպքում բուժման կուրս անցնելու, եթե այդ պարտականությունները դատապարտյալի վրա դնելը կարող է նպաստել նրա ուղղմանն ու վերադաստիարակմանը: Դատարանը կարող է նաև որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա, նրանց համաձայնությամբ, դնել դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականություն:
Այն դատապարտյալների վարքի վերահսկողությունը, որոնց նկատմամբ ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգված է, իրականացնում են ներքին գործերի մարմինները, իսկ անչափահասների նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Եթե դատապարտյալը, որի նկատմամբ ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգված է, չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կամ թույլ է տալիս հասարակական կարգի կամ աշխատանքային կարգապահության այնպիսի խախտումներ, որոնք առաջ են բերել վարչական տույժի միջոցների կամ էլ կարգապահական կամ հասարակական ներգործության միջոցների կիրառում, ապա ներքին գործերի մարմնի, ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի կամ այն աշխատավորական կոլեկտիվի ներկայացմամբ, որի վրա դրված է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականություն, դատարանը կարող է որոշում կայացնել ազատազրկման դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկելու մասին:
Դատավճռի կատարումը հետաձգելու ժամկետը լրանալուց հետո դատարանը, դատապարտյալի վարքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացմամբ, ելնելով դատավճռի կատարումը հետաձգելու դատարանի սահմանած ժամկետի ընթացքում աշխատանքի կամ ուսման նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքից, նրա վարքից, որոշում է կայացնում դատապարտյալին պատժից ազատելու կամ դատապարտյալին դատավճռով նշանակված ազատազրկումը կրելու ուղարկելու մասին:
Եթե դատավճռի կատարումը հետաձգելու ժամանակամիջոցում դատապարտյալը նոր հանցագործություն կատարի, դատարանը նոր պատժին միացնում է նախկինում նշանակված պատիժը` սույն օրենսգրքի 38 հոդվածում նախատեսված կանոններով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թ., ապրիլի 28-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 10.08.90, 15.04.91, 19.05.94, 03.12.96, 14.05.02 ՀՕ-344 օրենքների խմբագրությամբ)