Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 23. ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Ազատազրկում սահմանվում է երեք ամսից մինչև տասը տարի ժամանակով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած հանցագործությունների համար և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ` ՀՀ օրենսդրությամբ և սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ տարուց ոչ ավելի ժամանակով: Մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով:

Մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամանակը չի կարող տասը տարուց ավելի լինել:

Դատարանի դատավճռով ազատազրկման ձևով պատժի կրումը նշանակվում է`

ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում, ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի գաղութներում կամ բանտում, ինչպես նաև ընդհանուր և ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում:

Ուղղիչ աշխատանքային գաղութներում պատժի կրումը տղամարդկանց նկատմամբ նշանակվում է`

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների, այսինքն` առանց ծանրացուցիչ հանգամանքների խարդախության միջոցով կատարված գույքի հափշտակման (89 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված գույքի հափշտակման (90 հոդվածի առաջին մաս), խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքին վնաս պատճառելու (93 հոդված), գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս), առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված) ապօրինաբար աբորտ կատարելու (120 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելու (124 հոդված), վտանգի մեջ թողնելու (128 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զրպարտության (131 հոդված), վատորակ շինարարության (153 հոդված), գնորդներին և պատվիրատուներին խաբելու (157 հոդվածի երկրորդ մաս), բնակչության սպասարկման հետ կապված աշխատանքներ կատարելու համար քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու (157.1 հոդվածի երկրորդ մաս), բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողման (157.3 հոդվածի երկրորդ մաս), փոստային վճարանիշեր և ուղետոմսեր կեղծելու (161 հոդված), բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելու (163 հոդված), անասնաբուժական կանոնները խախտելու (165 հոդված), բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնները խախտելու (166 հոդված), ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելու (167 հոդված), ապօրինի որսի (168 հոդված), ջրօգտագործման կանոնները խախտելու (170 հոդված), ապօրինի անտառահատման (171 հոդված), ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելու (172 հոդվածի երկրորդ մաս), հարբած վիճակում տրանսպորտի միջոցներ վարելու (176.2 հոդված), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու (182 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու (183 հոդվածի առաջին մաս), պաշտոնեական կեղծիքի (187 հոդված), հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու (189 հոդված), միջամտություն դատական գործերի լուծմանը (191.1 հոդվածի երկրորդ մաս), դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալու (191.2 հոդված), փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելու (194 հոդված), ակնհայտ սուտ մատնության (195 հոդված), ակնհայտ սուտ ցուցմունք տալու (196 հոդված), անձնական երաշխավորի կողմից ստանձնած պարտականությունները չկատարելու (200 հոդված), հանցագործությունների մասին չհայտնելու (206 հոդված), քաղաքացիներից ոչ գույքային բնույթի փաստաթղթեր հափշտակելու (212 հոդված), անչափահասներին հարբած վիճակի հասցնելու (231.1 հոդված) համար հինգ տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկվածների` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին կամ նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրածներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին` հատուկ ռեժիմի գաղութներում.

Ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին, ինչպես նաև առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկված դիտավորյալ հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

ազատազրկման դատապարտվող մյուս կանանց` ընդհանուր ռեժիմի գաղութներում:

Դաստիարակչական-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առաջին անգամ ազատազրկման դատապարտվող արական սեռի անչափահասներին, ինչպես նաև իգական սեռի անչափահասներին` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրած արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում:

Ելնելով կատարված հանցագործության բնույթից և հանրության համար դրա վտանգավորության աստիճանից, հանցավորի անձնավորությունից և գործի այլ հանգամանքներից, դատարանը, նշելով ընդունված որոշման շարժառիթները, կարող է ազատազրկման կրումը նշանակել` առաջին անգամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ` ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութներում. մյուս ազատազրկման դատապարտվածներին, բայց հատկապես վտանգավոր ռեցիդիվիստներ չճանաչվածներին` ցանկացած տեսակի ուղղիչ-աշխատանքային գաղութներում, բացի հատուկ ռեժիմի գաղութներից և գաղութ-բնակավայրերից. դատապարտված արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութների փոխարեն ընդհանուր ռեժիմի դաստիարակչական-աշխատանքային գաղութներում:

Պատժի ամբողջ ժամանակի կամ նրա մի մասի ընթացքում բանտարկության ձևով ազատազրկում կարող է նշանակվել`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին.

տասնութ տարեկան դառնալուց հետո առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ (59-68 հոդվածներ) կատարած անձանց.

տասնութ տարեկան դառնալուց հետո սույն օրենսգրքի 7.1 հոդվածով նախատեսված այլ ծանր հանցագործություններ կատարած և դրանց համար հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված անձանց:

Դատարանը դատապարտյալի նկատմամբ նշանակված ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թ. ապրիլի 28-ի, 1985 թ. օգոստոսի 28-ի և 1986 թ. հուլիսի 24-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1985 թ., N 14, հոդվ. 116, 1986 թ., N 14, հոդվ. 127, 10.05.90, 01.07.91, 11.05.92, 19.05.94, 03.12.96, 28.04.98 թիվ 212 օրենքների խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։