Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 25. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ուղղիչ աշխատանքներն առանց ազատազրկման նշանակվում են երկու ամսից մինչև երկու տարի ժամանակով, և դատարանի դատավճռում տրված ցուցումի համաձայն դատապարտյալը դրանք կրում է կամ իր աշխատանքի վայրում, կամ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ, դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում: Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածի վաստակից որպես պետական եկամուտ պահում է կատարվում դատարանի դատավճռով սահմանված չափով` այդ վաստակի հինգից մինչև քսան տոկոսը:

Անաշխատունակ ճանաչված անձանց նկատմամբ դատարանը կարող է ուղղիչ աշխատանքները փոխարինել տուգանքով` հաշվելով մեկ ամսվա ուղղիչ աշխատանքների դիմաց մեկ նվազագույն աշխատավարձի չափով տուգանք:

Այն դեպքում, երբ աշխատանքի վայրում պատժի կրումով առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը խուսափում է պատիժը կրելուց, դատարանը ներքին գործերի մարմնի ներկայացմամբ կամ էլ հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ կարող է պատիժը կրելու համար այդ անձին ուղարկել ուղղիչ աշխատանքների կիրառումը տնօրինող մարմինների կողմից որոշվող այլ վայրեր, բայց դատապարտյալի բնակության շրջանում:

Երբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը չարամտորեն խուսափում է պատիժը կրելուց, դատարանն ուղղիչ աշխատանքների չկրած ժամանակը կարող է փոխարինել ազատազրկմամբ նույն ժամանակով:

Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Եթե դատապարտյալն առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելիս աշխատել է բարեխիղճ և օրինակելի վարք է ունեցել, դատարանը, պատժի կրումն ավարտելուց հետո հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ, կարող է առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կրած ժամանակը մտցնել ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:

(Հայկական ՍՍՀ 1969 թ. դեկտեմբերի 26-ի օրենքի և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1970 թ., N 1, հոդվ. 4, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 19.05.94, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։