Հոդված 240. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոդված 240. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԱՌՈՒԾԱԽԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Քաղաքացու անձնական սեփականությունը հանդիսացող կամ համատեղ ապրող ամուսիններին և նրանց անչափահաս երեխաներին պատկանող բնակելի տունը (կամ նրա մի մասը) կարող է առուծախի պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 106 ու 107 հոդվածների կանոնների պահպանումով, ինչպես նաև այն պայմանով, որ վաճառողի, նրա ամուսնու և նրանց անչափահաս երեխաների անունից երեք տարվա ընթացքում չվաճառվի մեկ տնից (կամ նրա մի մասից) ավելի, բացառությամբ ամուսնության կամ ժառանգման հետևանքով ձեռք բերված տների վաճառքի:
Քաղաքացուն թույլատրվում է երեք տարվա ընթացքում մեկ անգամից ավելի բնակելի տուն օտարել նաև հարգելի պատճառի առկայության դեպքում` յուրաքանչյուր անգամ պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հատուկ թույլտվությամբ:
Եթե քաղաքացին կամ նրա հետ համատեղ ապրող ամուսինը և նրանց անչափահաս երեխաները անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն ունեն, ապա նախքան ունեցած տան սեփականության իրավունքի դադարումը նրանք պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ կարող են երկրորդ տունը գնել, երբ դա անհրաժեշտ է քաղաքացու ընտանիքի բնակարանային պահանջը բավարարելու համար:
Երկրորդ տունը գնվելու դեպքում առաջին տունը ենթակա է օտարման սույն օրենսգրքի 108 հոդվածի կանոններին համապատասխան: