Հոդված 468. ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 468. ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Տասնհինգ տարեկան չդարձած և վաստակ չունեցող քաղաքացու առողջությանը հաշմություն կամ այլ վնաս պատճառելու համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է հատուցել տուժողի առողջության վնասման հետ կապված ծախսերը: Տուժողի տասնհինգ տարեկան դառնալուց հետո վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետ կապված վնասը, ելնելով ոչ որակյալ բանվորի միջին վաստակից տվյալ վայրում:
Եթե տասնհինգ տարեկան չդարձած քաղաքացին իր առողջության վնասման պահին վաստակ է ունեցել, ապա վնասը պետք է նրան հատուցվի, ելնելով այդ վաստակի չափից, բայց ոչ պակաս, քան ոչ որակյալ բանվորի նվազագույն վաստակը տվյալ վայրում:
Տուժողի աշխատանքային գործունեությունն սկսվելուց հետո տուժողն իրավունք ունի պահանջելու իր ստացած որակավորմանը համապատասխան ավելացնել այն վնասի հատուցումը, որը կապված է առողջության վնասման հետևանքով նրա աշխատունակությունը պակասելու հետ` ելնելով նույն որակավորման աշխատողի վարձատրության չափից: