Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 11 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 116. ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀԱՅՑՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 116. ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀԱՅՑՎՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Եթե պատասխանողի բնակության վայրը հայտնի չէ, նրա դեմ հայցը կարող է հարուցվել ըստ նրա գույքի գտնվելու վայրի կամ ըստ նրա վերջին հայտնի բնակության վայրի:

ԽՍՀՄ-ում բնակության վայր չունեցող պատասխանողի դեմ հայցը կարող է հարուցվել ըստ նրա գույքի գտնվելու վայրի կամ ըստ ԽՍՀՄ-ում նրա վերջին հայտնի բնակության վայրի:

Իրավաբանական անձի մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել նաև ըստ մասնաճյուղի գտնվելու վայրի:

Ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերը և դիմումները հայցվորը կամ դիմողը կարող են ներկայացնել նաև ըստ իրենց բնակավայրի:

Հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասի հատուցման վերաբերյալ հայցերը հայցվորը կարող է հարուցել նաև ըստ իր բնակության վայրի կամ ըստ այն վայրի, որտեղ պատճառվել է վնասը:

Քաղաքացու կամ իրավաբանական անձի գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերը կարող են հարուցվել նաև ըստ այն վայրի, որտեղ պատճառվել է վնասը:

Այնպիսի պայմանագրերից բխող հայցերը, որոնց մեջ նշված է կատարման վայրը, կարող են հարուցվել նաև ըստ պայմանագրի կատարման վայրի:

Սահմանված կարգով անհայտ բացակայող, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց հետ, ինչպես նաև երկարատև` առնվազն երեք տարվա ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ հայցերը կարող են հարուցվել ըստ հայցվորի բնակության վայրի:

Ամուսնալուծության վերաբերյալ հայցերը կարող են ըստ հայցվորի բնակության վայրի հարուցվել նաև այն դեպքերում, երբ նրա հետ են ապրում անչափահաս երեխաներ կամ, երբ հայցվորի առողջական վիճակի պատճառով նրա համար դժվար է պատասխանողի բնակության վայրը մեկնելը:

Աշխատանքային, կենսաթոշակային և բնակարանային իրավունքների վերականգնման, գույքի կամ դրա արժեքի վերադարձման վերաբերյալ հայցերը, որոնք կապված են ապօրինաբար դատապարտելու, ապօրինաբար քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց ապօրինաբար կալանք կիրառելու կամ թե կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ձևով ապօրինաբար վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման հետ, կարող են ներկայացվել նաև ըստ հայցվորի բնակության վայրի:

Եթե այս հոդվածի համաձայն գործը ընդդատյա է մի քանի դատարանների, ապա դրանց միջև ընտրություն կատարելու իրավունքը պատկանում է հայցվորին:

(07.03.67, 24.02.82, 27.02.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։