Հոդված 327. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 327. ԲՈՂՈՔԸ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բողոքը հսկողության կարգով քննելիս կիրառվում են սույն օրենսգրքի 294-297, 299 և 300 հոդվածներում շարադրված կանոնները, այն բացառություններով և լրացումներով, որոնք նշված են այս հոդվածում:
Եթե գերագույն դատարանի նախագահության անդամների մեծամասնությունը տվյալ գործի քննությանը մասնակցել է առաջին, վճռաբեկ և կամ հսկողական ատյանի դատարանում, ապա այն դեպքերում, երբ բողոքը բերել են ԽՍՀՄ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության դատախազը` գործը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի քննությանը: Այն դեպքերում, երբ այդպիսի գործով բողոքը բերել են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազի տեղակալները, բողոք բերող անձը գործը ներկայացնում է համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին կամ Հայաստանի Հանրապետության դատախազին` հսկողության կարգով Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենում բողոք բերելու հարցը լուծելու համար:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունում և պլենումում գործը զեկուցում է նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, նախագահության անդամը կամ դատարանի այն անդամը, որը նախկինում չի մասնակցել գործի քննությանը:
Գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը, եթե նրանք տեղեկացվել են գործի քննության ժամանակի և տեղի մասին, արգելք չի հանդիսանում գործի քննությանը:
Գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները, եթե նրանք ներկայացել են դատական նիստին, բացատրություն են տալիս գործը զեկուցվելուց հետո:
Դատական հսկողության կարգով վերանայվող գործի քննությանը մասնակցում է դատախազը, որը պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը կամ եզրակացություն է տալիս դատարանի նախագահի կամ նրա տեղակալի բողոքի հիման վրա քննվող գործի վերաբերմամբ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի և նախագահության նիստերում կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են` նիստի թվականը, նիստի մասնակիցները, օրակարգը և նիստին մասնակցող անձանց ելույթների համառոտ բովանդակությունը: Արձանագրությունը ստորագրում են նախագահողը և քարտուղարը:
Նախագահությունում և պլենումում բոլոր հարցերը լուծվում են ձայների մեծամասնությամբ: Բողոքը բավարարելուն կողմ և բավարարելուն դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում բողոքը համարվում է մերժված:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը և պլենումը որոշում են կայացնում: Նախագահության որոշումը ստորագրում է նախագահության նիստում նախագահողը, իսկ պլենումի որոշումը` պլենումին նախագահողը և քարտուղարը: