Հոդված 147. ԿԱՐԳԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Հոդված 147. ԿԱՐԳԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Դատավորների նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի ելնել»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները կանգնում են, որից հետո նախագահողի հրավերով գրավում են իրենց տեղերը: Դատավարության բոլոր մասնակիցները դատավորին դիմում են, իրենց ցուցմունքները տալիս են և հայտարարություններ անում են կանգնած: Շեղումներ այդ կանոնից կարող են տեղի ունենալ միայն նախագահողի թույլտվությամբ:
Գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, վկաները, փորձագետները, թարգմանները, ինչպես նաև դատական նիստի դահլիճում ներկա գտնվող բոլոր քաղաքացիները պարտավոր են դատական նիստում պահպանել սահմանված կարգը և անառարկելիորեն ենթարկվել նախագահողի կարգադրություններին:
Տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց կանչել է դատարանը: